չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՄԻՊ-ը հյուրընկալել է ապագա իրավաբանների

ՄԻՊ-ը հյուրընկալել է ապագա իրավաբանների

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 12-ին, հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցում սովորող 20 ապագա իրավաբանի։

Անահիտն Մանասյանն ուսանողներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Պաշտպանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են առաջնային խնդիր մնալ անհանդուրժողականության մթնոլորտը և հասարակության բևեռացումը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից տեսությունը հիմնված է խտրականության և անհանդուրժողականության արգելքի վրա։ Բնական է, որ կարող են լինել մարդիկ, ովքեր համակարծիք չեն մեզ հետ, բայց մեզ համար պետք է ուղենիշային լինի այն, որ նրանք ունեն մեզ հետ հավասար իրավունքներ»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Այս համատեքստում Պաշտպանը հատկապես կարևորել է հանրային գործիչների և պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության նորմերի պահպանումը, քանի որ նրանց գործելաոճը որպես օրինակ է ծառայում հասարակության լայն շերտերի համար:

Հանդիպման շրջանակում նա նաև նշել է, որ հաստատության և անձամբ իր համար կարևոր է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը:

«Կարևորում եմ, որպեսզի արձագանքի արժանանան ոչ միայն հանրային հնչեղություն ունեցող գործերը, այլև յուրաքանչյուր մարդու ճակատագրի համար նշանակություն ունեցող և մարդու իրավունքներին վերաբերելի ցանկացած հարց հասցեավորվի և ստանա պատշաճ լուծում», - ընդգծել է նա:

Ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին՝ կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և ուսանողների իրազեկվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից:

  • Կիսվել: