չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ԱՍՀՆ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

ՄԻՊ-ը չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ԱՍՀՆ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` հուլիսի 23-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին։
 
Մշտադիտարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել հաստատության տարածքով՝ ուսումնասիրելով շահառուների բնակության, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի կազմակերպման, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, հանգստի և ժամանցի կազմակերպման, ինչպես նաև խնամքի ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:  
Առանձնակի ուշադրություն է դարձվել շահառուների նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի ապահովման հարցերին, նրանց անձնական կյանքի և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի հարգմանը, ինչպես նաև հաստատությունում ձևավորված ընդհանուր հոգեբանական և սոցիալական միջավայրին:  
 
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շահառուների հետ՝ անմիջականորեն տեղեկանալով նրանց խնդիրներին, կարիքներին, տրամադրվող ծառայությունների որակին և առօրյա կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։
 
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև շահառուներին տրամադրվող ծառայությունների հասանելիությանն ու արդյունավետությանն առնչվող հարցերը, ինչպես նաև նախորդ մշտադիտարկումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
 
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում այն, որ նախորդ մշտադիտարկման այցերի արդյունքների համեմատ՝ հաստատությունում արձանագրվել է դրական առաջընթաց։ Մասնավորապես, նկատվել է շահառուների առօրյա կյանքի կազմակերպման և տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավման դրական միտում, ինչը վկայում է նախորդ այցերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված առաջարկությունների և դիտարկումների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետության մասին։
 
Մշտադիտարկման այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները սահմանված կարգով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին՝ դրանց արդյունավետ և համակարգային լուծումն ապահովելու  նպատակով:
 
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սոցիալական խնամքի հաստատություններ կատարվող չհայտարարված մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ և միտված են խնամք ստացող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավմանը: 

  • Կիսվել: