ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր երկրում ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների համար․ փոխնախարարը եվրոպական պատվիրակներին

Մեր երկրում ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների համար․ փոխնախարարը եվրոպական պատվիրակներին

Մեր հասարակության եւ իշխանությունների բարոյական պարտքն է ուսումնասիրել, հիշել եւ գնահատել բռնապետական անցյալի ողբերգական եւ դատապարտելի երեւույթները: Այս մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով, ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը եւ հնարավորության սահմաններում կոմպենսացնել նրանց նյութական կորուստները՝ օժանդակելով ներկա կյանքի պայմաններին:

Օրենքի նպատակն է դատապարտել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, ինչպես նաեւ 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության եւ այլ դրդապատճառներով անձի իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարումներն ու բռնաճնշումները, վերականգնել բռնադատված անձանց անօտարելի իրավունքների, բռնադատման հետեւանքով պատճառված բարոյական եւ նյութական վնասները:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության անդամներ, բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր նախապես ներկայացրել էին իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի կարեւոր նկատառումներն ու դրույթները, որոնք եւ՛ բովանդակային, եւ՛ նպատակային առումով անդրադարձել են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական երաշխիքներին:

Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մշակված օրենքի նախագիծը պետք է հանրային քննարկումների մեծ փուլ անցնի, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը առնչվում է ծանր ժամանակաշրջան ապրած մարդկանց.

«Մշակված օրենքի նախագիծը այն մասին է, ինչ եղել է, գնահատական է առ այսօր եղածի, իսկ օրենքի ընդունումը պարտավորություն է՝ այսուհետ նմանատիպ երեւույթների կանխարգելման ու վերացման համար: Նոր օրենքը տարածվելու է նաեւ անկախ Հայաստանի պայմաններում քաղաքական դրդապատճառներով իրավունքների ոտնահարումից տուժածների վրա: Օրենքի շահառու խմբի համար ժամկետների վերացումը նպաստելու է պետության կողմից բռնատիրական, մարդու իրավունքների ոտնահարման դրսեւորումների կանխարգելմանը»,- նշել է Աժ փոխխոսնակը:

Այնուհետեւ քննարկվել են նախապես ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները, որոնք վերաբերում էին բռնադատվածների արդարացման կարգի եւ իրավունքի վերականգնման դրույթներին, նրանց համար սահմանված ամենամսյա դրամական աջակցությանն ու այլ հարցերին:

Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար եւ նշել, որ նոր օրենքով առավել իրատեսական եւ առարկայական է դառնալու բռնադատվածների սոցիալական պաշտպանությունը:

 

  • Կիսվել: