ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված  խոշոր չափերով գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախնական համաձայության գալով  34-ամյա իր ընկերոջ հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ընկերոջ կողմից վարվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով  մեկնել  են Մերձավան գյուղ: Մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ նրանք մետաղյա լինգով կոտրել են վերոնշյալ գյուղում գործող արտադրամասի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել արտադրամասի տարածք՝ կատարելով էլեկտրական և շինարարական սարքերի գողություն, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով  խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:

Իսկ նրա ընկերոջ մասն  առանձնացվել է առանձին վարույթում, նշված քրեական գործի շրջանակներում վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատճառված գույքային վնասի մեծ մասը վերականգնվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: