երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա. Փաշինյան

Մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա. Փաշինյան

Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն գերնպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը: Այսoր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը Հայաստանում կայացել է և անուրանալի նպաստ է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի  և իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Եւ միայն բավական է արձանագրել, որ մարդու իրավունքների առաջին 3 պաշտպանները չեն պաշտոնավարել  մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի,  հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ-ի և իշխանությունների միջև առկա խորը հակասությունների արտահայտություն:

«Մենք առնվազն հույս ունենք, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ՄԻՊ-ի գործունեության համար նոր պայմաններ և միջավայր է ստեղծվել: Հեղափոխությունն արել են մարդիկ, ՀՀ հպարտ քաղաքացիները և հեղափոխությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը ոչ միայնդեկլարատիվ, այլ իսկապես բարձրագույն արժեք է և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության, իշխանության առջև դրված առաջնային խնդիր է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այդուհանդերձ, ըստ վարչապետի, սա չի նշանակում, թե այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում. «Սա նշանակում է, որ  մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսի առաջնահերթություն է մարդու իրավունքների պաշտպանի համար»։

Այս առումով, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, ՄԻՊ-ի գործունեությունը Հայաստանում ինքը,  ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն մեծապես կարևորում են, քանի որ համարում են՝ այս ողջ գործընթացում իրենց կարևորագույն դաշնակիցներից մեկը ՄԻՊ ինստիտուտն է:

«Ընդհանրապես մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանությունը հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մարդկանց անհավասարությունը ստեղծում է կոռուպցիա: Երբ Հայաստանի կառավարությունը  պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն նշեց նաև, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա:

«Կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: 2018 թվականի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին մեր երկրի պատմության մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին ՍԴ-ում, որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ միջազգային, ոչ էլ հայաստանյան հանրության կողմից: Դրանք լայնորեն գնահատվեցին որպես ազատ, ժողովրդավարական և մրցակցային»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն  այսօր էլ բախվում է որոշ մարտահրավերների։

«Հայաստանն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի ավելի շատ որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018թ-ի հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է։ Եվ մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով։ Նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից։ Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ», ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև անկախ դատական համակարգի կայացմանը։ Նրա բնորոշմամբ, դատական իշխանությունը գործադիր ու օրենսդիր իշխանություններին զուգահեռ նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։ «Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ»,- ասաց նա։

 

  • Կիսվել: