շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«ՄԱՊ»-ի Ալիկի օֆշորային ընկերությունները. Դատախազությունը պնդում է, որ դրանցից մեկով լվացել են նախկին նախարարի ստացած կաշառքը

«ՄԱՊ»-ի Ալիկի օֆշորային ընկերությունները. Դատախազությունը պնդում է, որ դրանցից մեկով լվացել են նախկին նախարարի ստացած կաշառքը

2003-2017 թթ. ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որն առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ, իր հայաստանյան բիզնեսին աջակցելու համար օֆշորային ընկերություններ է հիմնել այն ժամանակ, երբ պատգամավոր էր եւ բիզնեսով զբաղվելու իրավունք չուներ: Բացի դրանից՝ Պետրոսյանը երբեւէ չի հայտարարագրել իր օֆշորային ընկերությունները: Այս մասին գրում է «Հետքը»։

Ընդ որում՝ Գլխավոր դատախազությունը, որը երկու գործով դատարան է մտել ընդդեմ Ա. Պետրոսյանի, տեղյակ չէ, որ նախկին պատգամավորն օֆշորում ունեցել է մեկից ավելի ընկերություններ:

Դատական գործերից մեկը քրեական պատմություն է: Գլխավոր դատախազությունը Ա. Պետրոսյանին մեղադրում էր այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան: Երեւանի դատարանը, սակայն, անմեղ է ճանաչել նախկին պատգամավորին: Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ ատյան, որտեղ դատաքննությունը շարունակվում է:

Երկրորդ գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, Գլխավոր դատախազությունը պահանջում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող մի քանի միավոր գույք բռնագանձել Ալեքսան Պետրոսյանից եւ նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից: Խոսքը գլխավորապես Արմավիրի մարզում գտնվող անշարժ գույքի մասին է, ինչպես նաեւ բաժնետոմսերի ու դրամական միջոցների (մանրամասները՝ այստեղ):

Ալեքսան Պետրոսյանը՝ «Պանդորայի փաստաթղթերում»

 

Ալեքսան Պետրոսյանի օֆշորային ընկերությունները մենք գտել ենք «Pandora Papers» թղթապանակում:

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», 2021-ի հոկտեմբերից հրապարակում են տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: