Կսահմանվեն դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ. Սրբուհի Գալյանը՝ բարեփոխումների և ծրագրերի մասին
Դատավարությունների՝ անգամ տարիներով ձգձգման խնդիրը լուծելու, դատական գործերը բեռնաթափելու նպատակով կառավարությունը պատրաստվում է սահմանել դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ, տարբեր բարդության գործերի համար ժամանակահատվածը կլինի տարբեր:
«Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները:
Դատական գործերի բեռնաթափումից մինչև գործերի քննության կոնկրետ ժամկետների սահմանում
Նախարարը դատավարությունների ձգձգման համար տեսնում է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմքեր: Օբյեկտիվ հիմքը, ըստ նրա, գործերի բազմաքանակությունն է:
«Մեծ է գործերի թիվը, որոնք գտնվում են դատարանում քննության փուլում: Օբյեկտիվորեն մեր երկրում քանակական առումով գործերը բավականին շատ են»,–ասաց Գալյանը:
Նրա խոսքով՝ այս խնդիրը հաղթահարելու համար կառավարությունը նախ ավելացրել է դատավորների կազմը: «2018 թվականից հետո շուրջ 60 տոկոսով թարմացվել է դատավորների կազմը: Այսինքն՝մենք դատական համակարգ բերել ենք նոր դատավորների: Եվ սա խնդրի լուծման ինչ–որ գրավական է հանդիսացել: Փոփոխություններ արվել են նաև օրենսդրության համատեքստում: Եվ տարբեր դատավարությունների շրջանակներում տեսանելի արդյունք ունենք այսօր»,–ասաց նախարարը:
Գալյանի խոսքով՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում այս պահի դրությամբ նախորդ տարիների համեմատ գործերի ծավալը 80 տոկոսով նվազել է: Նախարարն այդ նվազումը կապեց նրա հետ, որ մինչև 200 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջները քննարկվում են ոչ թե դատարանների, այլ նոտարների կողմից: Ըստ նրա՝ կառավարությանը հաջողվել է քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը 80 տոկոսով նվազեցնել այդ պարզ բարեփոխման արդյունքում:
Օրենսդրական այլ փոփոխություններ ևս արվել են: Շատացել է այն գործերի քանակը, որոնք կարող են քննվել գրավոր կարգով:
«Մենք նաև զարկ ենք տվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը: Մեր երկրում արդեն կա հաշտարարների ինստիտուտը: Կարծում եմ՝ մոտակա ամիսներից այն պետք է ավելի մեծ թափով գործի: Ցանկանում ենք նախատեսել պարտադիր հաշտարարության ինստիտուտը ընտանեկան վեճերով: Կարծում եմ՝ մոտ ապագայում վեճերի բովանդակությունը կփոխվի՝ այն իմաստով, որ ավելի շատ վեճեր քննարկման ենթակա կլինեն հաշտարարների կողմից»,–ասաց Գալյանը:
Նա ներկայացրեց այս ուղղությամբ արված այլ փոփոխություններ ևս: Օրենսդրական մակարդակում սպասվում է ևս մեկ փոփոխություն՝ միտված դատական գործերի բեռնաթափմանը: «Նախատեսում ենք սահմանել գործերի քննության կոնկրետ ժամկետներ: Սրան վաղուց էինք գնում, բայց դանդաղ քայլերով, որովհետև գիտակցում էինք, որ դատարաններին սահմանների մեջ դնելը որոշակի փուլում դժվարացնելու է աշխատանքը: Բայց այս պահի դրությամբ մեր գնահատականն այն է, որ արդեն հասել ենք այն կետին, որ կամաց–կամաց կարող ենք ժամկետային առումով սահմանափակել գործերի քննությունն ու ունենալ կոնկրետ ժամկետներ՝ բացառիկ դեպքերում դրանք հետաձգելու հնարավորությամբ»,–ասաց Գալյանը:
Տարբեր բարդության գործերի համար այդ ժամանակահատվածը կլինի տարբեր: Եթե գրավոր կարգով է քննվելու գործը, ապա այս պահի դրությամբ եղած նախագծով նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածը լինելու է 6 ամիսը: Լինելու է 1 անգամ երկարաձգման հնարավորություն: Այս պահին քննարկվում է, թե որքան ժամանակով այն կարող է երկարաձգվել: Խոսքն ամիսների մասին է:
Ինչ վերաբերում է դատավարությունների ձգձգման սուբյեկտիվ պատճառներին, ապա, ըստ նախարարի, դրանք բազմաթիվ են, կապված են արդարադատությունն իրականացնող անձերի հետ:
«Կան դատավորներ, որ գործերը քննում են X արագությամբ, կան դատավորներ, որ գործերը քննում են Y արագությամբ: Որոշ դեպքերում ունենք նաև կարգապահական վարույթներ, երբ գործերի քննությունն այնքան է դանդաղել, որ արդարադատությունը փաստացի չի իրականացվել: Ինքս համարում եմ, որ ուշացած արդարադատությունը գրեթե հավասարազոր է արդարադատության բացակայությանը»,–ասաց Գալյանը:
Նախարարը կարծում է, որ կան ուշացման ակնհայտ դեպքեր, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կառավարությունն այդ սուբյեկտիվ խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլեր, ըստ նախարարի, ևս ձեռնարկել է: Նա նշեց, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընթացիկ բարեվարքության ստուգման մասին:
Ի՞նչ է անում կառավարությունը դատավորների անկախության երաշխիքի ապահովման համար
«Կառավարությունը պատասխանատու չէ որևէ կոնկրետ գործով դատական ակտի կայացման համար: Եթե պետությունը որդեգրել է այն ճանապարհը, որ պետք է լինի իրավական պետություն և որդեգրել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, ապա որևէ կոնկրետ գործով չի կարող և չպետք է ազդեցություն ունենա գործի ելքի վրա: Եթե հանրությունն ունի ակնկալիք, որ կառավարությունը յուրաքանչյուր կոնկրետ գործի քննությանը հետամուտ է լինելու, այդպես չի լինելու և այդպես չէ: Եթե հարցը վերաբերում է արդարադատության միասնական չափանիշներ սահմանելուն, ապա այստեղ է, որ կառավարությունը դեր և անելիք ունի: Այս պահին ուսումնասիրում ենք դատական պրակտիկան: Եվ փորձում ենք վերհանել այն խնդիրները, որոնք առկա են համակարգում և խոսում են ոչ թե տեղային, այլ ընդհանուր խնդիրների մասին, որոնք կարող են տարածվել շատ գործերի վրա»,–ասաց Գալյանը:
Նախարարի խոսքով՝ այդ ուսումնասիրությունից հետո քաղաքականության մշակումը կլինի այն ուղղությամբ, որ լուծի այդ բոլոր խնդիրները:
Նա նկատեց՝ շատ է քննարկվել, որ երկրին անհրաժեշտ է արդարադատության միասնական ստանդարտի սահմանում: «Իհարկե, այս հարցում Վճռաբեկ դատարանն իր ուրույն տեղն ունի, նաև իրենց ուրույն տեղն ունեն օրենքների մեկնաբանությունները: Այս պահին նախարարությունը զբաղված է նաև դրանով: Մենք ուսումնասիրում ենք պրակտիկան, փորձում ենք բացահայտել, թե խնդիրը որ օղակից է բխում: Արդարադատության իրականացման շղթայում դատարանի խոսքը վերջնականն է, բայց միակը չէ»,–ասաց նախարարը՝ հավելելով, որ խնդիր են դրել վերլուծել հանգամանքները և առաջարկել լուծումներ:
Թե ինչ է անում կառավարությունը դատավորների անկախության երաշխիքի ապահովման համար, Գալյանը նախ նշեց, որ դատավորների ինքնուրույնության ապահովման համար պետք է զերծ մնալ որևէ միջամտությունից և ստեղծել դատավորների ապահով աշխատանքի պայմաններ: «Այս առումով դատավորների աշխատավարձը 50–70 տոկոսով բարձրացվել է: Եվ սա արվել է՝ նվազեցնելու համար հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, ապահովելու համար ավելի լավ միջավայր, որ կարողանան իրենց գործունեությունը ծավալել»,–ասաց նա:
Ըստ նախարարի՝ բարեվարքության համակարգի ներդրումը և բարեվարքության ստուգման ընթացակարգերի սահմանումը ևս մի երաշխիք է, որ դատավորները կարողանան գործել անկախ:
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներն ու տարվող աշխատանքները
Նախարարի կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկներում ՄԻՊ–ի կողմից արձանագրվող խնդիրներից որոշները հաղթահարելի են, որոշները՝ անհաղթահարելի: Հաղթահարելին ընթացիկ, տեխնիկական խնդիրներն են, որոնք կառավարությունը փորձում է շտկել ամենօրյա աշխատանքի արդյունքում:
«Սակայն դրանց կողքին կան նաև անհաղթահարելի խնդիրներ: Խոսքը որոշ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների մասին է, օրինակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի: Տարիներ շարունակ քննարկվել է այդ հիմնարկը փակելու հարցը: Պետք է ուրախությամբ նշեմ, որ փակելուն ուղղված աշխատանքները, իմ պատկերացմամբ, 1.5–2 տարում կմոտենան տրամաբանական ավարտին: Եվ մենք կունենանք վերանորոգված մեկ այլ քրեակատարողական հիմնարկի տարածք և կկարողանանք Նուբարաշենում անազատության մեջ գտնվող անձանց տեղափոխել այդ քրեակատարողական հիմնարկ»,–ասաց Գալյանը:
Այս պահին քննարկվում է նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքի վերակառուցման, վերանորոգման հարցը՝ Նուբարաշենում անազատության մեջ գտնվող անձանց տեղափոխելու համար: Նախարարի խոսքով՝ փակման ենթակա է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը:
Գալյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում շատ վատ պայմանները փորձում են շտկել կոսմետիկ վերանորոգումներով: Նախարարության բյուջեի 60 տոկոսից ավելին նախատեսված է «քրեակատարողական ծառայություններ» ծրագրի համար:
«Նախորդ տարվա ընթացքում գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ իրականացվել են: Որպես նշանավոր փոփոխություն կցանկանայի նշել Արմավիրում 24–ժամյա ջրամատակարարման անցկացումը, որը, ցավոք սրտի, քրեակատարողական հիմնարկի կառուցումից ի վեր չէր եղել: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, վերանորոգվել են տարբեր խցեր, տեսակցության սենյակներ, մոր և մանկան առանձին բաժանմունք ենք ստեղծել»,–ասաց նախարարը՝ ներկայացնելով մյուս քրեակատարողական հիմնարկներում իրականացված աշխատանքները ևս: