ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր

Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր

Մարտի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց մի երիտասարդ. ժամը 20.30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ծանոթն ու նրա ընկերները զենք են պահել իր վրա և հափշտակել փաստաթղթերը, բջջային հեռախոսը, լիցքավորման մարտկոցն ու յոթ հազար դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:

Բաժնի քրեական հետախույզներն անցան գործի, արագ պարզեցին ծանոթի ինքնությունը: Արդեն ժամը 21.50-ի սահմաններում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Բյուրեղավանում՝ իր բնակության վայրի մոտ, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին բջջային երկու հեռախոս, որոնցից մեկը տուժածից հափշտակածն էր, և կռփազենք: Քննչական բաժին ներկայացվելուց հետո նա տվեց խոստովանական ցուցմունք:

Հետագա միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին նաև, թե ովքեր են եղել 22-ամյա երիտասարդի հետ: Արդեն առավոտյան նույն տարիքի, նույն քաղաքի և նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդ ևս ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության բաժին: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք ատրճանակը: Նրանք նույնպես ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: