Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի նիստը
2026 թվականի ապրիլի 30-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի հերթական՝ X նիստը։
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը։ Նիստի ընթացքում նա հանդես է եկել զեկույցով՝ նվիրված խոցելի խմբերի, մասնավորապես՝ կանանց, անչափահասների, տարեց և հաշմանդամություն ունեցող դատապարտյալների պահման պայմաններին: Ելույթի շրջանակներում ներկայացվել են իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են նշված խմբերի պահման պայմանների բարելավմանը, վերասոցիալականացման և կրթական գործընթացներին, արտաքին աշխարհի հետ կապի ապահովմանը, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններին և փոփոխություններին։
Իր ելույթում Ռաֆայել Հարությունյանն անդրադարձել է նաև քրեակատարողական համակարգի անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը և կադրային համալրվածությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործնական և տեսական դասընթացների կազմակերպմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների առանձին ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրերին, որոնք միտված են անձնակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման հարցերը, հանցավորության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի միջպետական ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև համագործակցության այլ արդիական ուղղությունները։



