երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարծում եք՝ այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն. Թաթոյանը՝ Գրիգորյանին

Կարծում եք՝ այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն. Թաթոյանը՝ Գրիգորյանին

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ այցեր էինք իրականացնում և անձամբ կապի մեջի էի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր այդ ժամանակվա շարժումն էին մասնակցում։ Նրանք ինձ նամակագրությամբ բերման ենթարկվածների անուններ էին ուղարկում, որպեսզի արագ այցելենք։ Էդ ժամանակ ես անաչա՞ռ էի, հիմա դադարել եմ անաչառ լինել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարություններից մեկին, թե պաշտպանն անաչառ չէ:

«Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերը ժամը 3-ի կողմերը այցելեցի ձերբակալվածների պահման վայր։ ՁՊՎ-ի պետն ասաց, որ Գրիգորյանը քնած է։ Մի շարք այլ այցեր իրականացնելուց հետո եկա, Արմեն Գրիգորյանն արդեն արթնացել էր։ Մտա խուց, հանդիպեցի, որի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն հատուկ նամակ եմ գրել, պահանջել ենք իրավունքների խախտումների ուղղությամբ քննություն իրականացնել», - ասաց Թաթոյանը։

Նա հիշեցրեց, որ դրանից հետո ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում։

«Ինչպես է նա համարձակվում վարկաբեկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Ասում է, թե սահմանային հարցերում քաղաքական է։ Տո ես ինչքան ասեմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի ձեր վախերը ցուցադրեք։ Կարծում եք՝ այսքան արած-դրածը, այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, այդպես թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն», - ասաց Թաթոյանը։

«Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը քաղաքականացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը», - ասաց Թաթոյանը։

Նա հայտարարեց, թե սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել։ 

«Պարզ չէ՞, որ սա Ադրբեջանի համար ամենաձեռնտու մոտեցումն է։ Այն պաշտոնյաները, որոնք մենակ քարտեզից են խոսում, իրենց պետք է ասել, որ տպավորություն է, թե այս երկիրը կարուձևի հարց է, վերցնենք այս կամ այն քարտեզով կտրենք։ Այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիներն այսպես ամրացել են մեր ճանապարհներին», - ասաց Արման Թաթոյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում», - ասել էր Գրիգորյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: