հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կարմիր գծերի» դատական գործերով 2 տարվա ընթացքում քաղաքացիներին փոխհատուցվել է 16 մլն դրամից ավելի գումար

«Կարմիր գծերի» դատական գործերով 2 տարվա ընթացքում քաղաքացիներին փոխհատուցվել է 16 մլն դրամից ավելի գումար

Տարեկան միջինը 680 հայցադիմում է ներկայացվում Երևանի քաղաքապետարանի դեմ՝ վճարովի կայանատեղիներին (կարմիր գծեր) վերաբերող վեճերով: Դրանց գերակշիռ մասով Վարչական դատարանը վեճը լուծում է քաղաքացիների օգտին՝ վճիռ կայացնելով Երևանի քաղաքապետարանի դեմ: Ոչ միայն վերացվում են տուգանքի որոշումները, այլև պարտված գործերով քաղաքապետարանի վրա դրվում է քաղաքացու դատական ծախսերը փոխհատուցելու պարտավորություն, գրում է Հետքը:

2024թ. փետրվարի 2-ի դրությամբ, Երևանի քաղաքապետարանից «կարմիր գծերի» գործերով բռնագանձվել է մոտ 795 հազար դրամ՝ դատարաններում քաղաքացիների վճարած պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումար: 2022-2023թթ. նույն նպատակով քաղաքապետարանից դատական կարգով բռնագանձվել է 16 մլն 111 հազ. դրամ: Այս գործերով Վարչական դատարանը, որպես փաստաբանի վարձատրության գումար, հիմնականում սահմանում է 10 հազ. դրամ:

Քաղաքացիների հայցադիմումների հիմքում հիմնականում ընկած է այն հանգամանքը, որ անակնկալի են եկել, երբ քաղաքապետարանից ստացել են վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում՝ վճարովի ավտոկայանատեղիում ավտոմեքենան կայանելու և դրա դիմաց չվճարելու մասին: Պատճառաբանում են, որ նշված վայրն առանձնացված չի եղել կարմիր գույնի գետնանշումով, ինչպես նաև չի եղել համապատասխան ցուցանակ՝ վճարովի ավտոկայանատեղիի համար վճարի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով: Այս պայմաններում քաղաքապետարանը չէր կարող վարույթ հարուցել և տուգանել, իսկ իրենք էլ՝ վճարել, քանի որ որևէ կերպ չէին կարող իմանալ, որ ավտոմեքենան կայանել են վճարովի ավտոկայանատեղիում:

Կան տարածքներ, որտեղ ասֆալտին կարմիր գույնով գծանշումները ջնջվել են կամ դժվար են նշմարվում, սակայն քաղաքապետարանը դրանք համարում է պատշաճ և տուգանում քաղաքացիներին՝ կայանման վճարը չկատարելու համար: Քաղաքացիներն էլ բողոքարկում են տուգանքի որոշումները և հաղթում դատարաններում:

Երևանի քաղաքապետարանը վարչական վարույթ հարուցելու հիմքում դնում է տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը: Քաղաքացիների օգտին կայացրած վճիռներով դատարաններն արձանագրում են, որ նշված տեսանյութերում պատկերված ճանապարհի հատվածում առկա չեն համապատասխան գծանշումներ, վճարովի ավտոկայանատեղիի համար տեղեկատվական ցուցանակը: Հետևաբար, առնվազն արձանագրման պահին որևէ կերպ հնարավոր չէ տարածքն ընդունել որպես համայնքի ավագանու կողմից կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի, ուստի և նշված հատվածում տրանսպորտային միջոցի կայանումը 15 և ավելի րոպե ժամանակահատվածով չի կարող հանդիսանալ արարք, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Ի դեպ, մինչև 15 րոպե ավտոմեքենան կայանելու համար տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:

Նշենք, որ վճարովի ավտոկայանատեղիներին առնչվող հայցադիմումները քննվում են Վարչական դատարանում: Վերջինս ամենածանրաբեռնված դատարաններից է: Այստեղ դատական նիստերը նշանակվում են միջինը  5-6 ամիսը մեկ անգամ: Իսկ Վարչական վերաքննիչ դատարանում՝ 11-13 ամիսը մեկ անգամ: Պատճառաբանությունն այն է, որ դատավորները ծանրաբեռնված են և չեն հասցնում ավելի վաղ նշանակել նիստեր ու վեճերն արագ լուծել:

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Վարչական դատարան, եթե ի թիվս այլնի, համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են նրա` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Թեև վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող գործերը քննվում են գրավոր ընթացակարգով, այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու՝ գործում առկա փաստաթղթերի, այլ ապացույցների հիման վրա, սակայն դրանք ևս ծանրաբեռնում են դատավորներին: Նախ ուսումնասիրվում է հայցադիմումը, վարույթ ընդունելու որոշում է կայացվում, այնուհետև ուսումնասիրվում և հետազոտվում են ապացույցները, որոնց հիման վրա մոտ 4 ամիս հետո կայացվում է վճիռ: 

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի ոչ ճիշտ վարչարարության հետևանքով Վարչական դատարանը լրացուցիչ ծանրաբեռվում է: Դրա հետևանքով տուժում են քաղաքացիները, քանի որ այլ գործերով ակնկալվող դատական ակտերը հրապարակվում են ավելի ուշ: Սա որևէ բացասական հետևանք չի առաջացնում քաղաքապետարանի պաշտոնյաների համար, փոխարենը պետական բյուջեից ծախսվում են լրացուցիչ միջոցներ:

Բարձրագույն դատական խորհրդից հետաքրքրվեցինք՝ կա՞ն միջինացված տվյալներ, թե միջինում մեկ վարչական գործ քննելու համար որքան գումար է ծախսվում պետական բյուջեից: Պարզվեց՝ նման հաշվարկ չկա:

Վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող տուգանքի չափը 5000 դրամ է: Վարորդների մի մասը թեև գիտի, որ ոչ ճիշտ վարչարարության հետևանքով են տուգանվել, սակայն նախընտրում են վճարել 5000 դրամ տուգանքը, քան դրա համար դիմել փաստաբանին և հայտնվել դատարաններում: 

2024թ. փետրվարի 2-ի դրությամբ Վարչական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ կայացրել է 36 վճիռ, 2023թ․-ին՝ 582, իսկ 2022թ․-ին՝ 940 վճիռ: Հարկ է նշել, որ այս վճիռները կայացվել են ինչպես տվյալ տարվա ընթացքում, այնպես էլ դրան նախորդած տարիներին հարուցված վարչական գործերով: Բացի այդ, հնարավոր է նաև հայցադիմումը ներկայացվի տարեվերջին, սակայն դատական ակտը կայացվի հաջորդ տարվա ընթացքում:

Վարորդները սոցիալական ցանցերում տարբեր խմբեր են բացել և այնտեղ քննարկում են իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր: Արման Ավագյանն այդ խմբերում ակտիվ օգտատատեր է: Ասում է՝ շատ դեպքերում քաղաքացիներին օգնելու համար շաբլոնային հայցադիմումներ են կազմում և ուղարկում են այն մարդկանց, ովքեր փաստաբանի դիմելու ժամանակ կամ հնարավորություն չունեն:

«Կարող եմ ասել, որ մեծ է այն անձանց թիվը, ովքեր դատարան չեն դիմում, թեև հստակ գիտեն, որ իրենց դեմ տուգանքի սխալ որոշում է կայացվել»,- ասում է Ա. Ավագյանը:

Երևանի քաղաքապետարանի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 9 հազ. 815 վարչական վարույթ, որոնք վերաբերում են վճարովի ավտոկայանատեղիներին: Համեմատության համար նշենք, որ 2023թ. հարուցվել է 199 հազ. 703 վարույթ, իսկ 2022-ին՝ 167 հազ. 994:

Հարուցված յուրաքանչյուր վարույթով քաղաքապետարանը կայացրել է 5000 դրամ տուգանքի որոշում, ինչը զգալի գումար է կազմում:

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող որոշումներից քանիսն են վերադասության կարգով կամ վերանայման պահանջով բողոքարկվել (ոչ դատական կարգով): Քաղաքապետարանից հայտնել են, որ տվյալները մոտավոր են, քանի որ վարչական բողոքները մեծ մասամբ պարունակել են մեկից ավելի պահանջներ կամ խնդրամասեր, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում բուն վարչական ակտի բողոքարկման դիմումների առանձին հաշվառում չի վարվում:

Այսպես, 2024թ. վերադասության կարգով բողոքարկվել է 350 որոշում, 2023թ․-ին՝ 5700, իսկ 2022թ․-ին՝ 3800: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, տուգանքի որոշումների մի մասը բեկանվում է: Օրինակ՝ 2024թ. փետրվարի 14-ի դրությամբ բեկանվել է 21 որոշում, 2023թ․-ին՝ 1594, իսկ 2022թ․-ին՝ 1332 որոշում: 

  • Կիսվել: