երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը

Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում երեկ՝ սեպտեմբերի 12-ին, մեկնարկել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործի քննությունը:

NEWS.am-ին գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ նախնական նիստին քննարկվել է գործով մեղադրյալների խափանման միջոցի հարցը: Դատարանը որոշել է 3 մեղադրյալի կալանքը եւս 3 ամսով երկարաձգել:

«Դատական նիստը լարված ընթացավ: Կողմերը, բնականաբար, պահանջում էին արդար քննություն, բացահայտում: Դատարանին միջնորդություն արվեց, որպեսզի գործը ուղարկվի Երեւանի նստավայր, որպեսզի կողմերին հեշտ լինի ներկա գտնել դատական նիստերին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախատեսվում է, որ բոլոր մեղադրյալները համաձայնություն ունենան, մեղադրյալներից 4-ը համաձայնություն տվեցին, սակայն մեկը առարկեց»,- պատմեց Հովսեփ Սարգսյանը:

Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 զինվորական, որոնցից 3-ը կալանքի տակ են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

 

  • Կիսվել: