ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքի չափերը կբարձրանան՝ դառնալով 50 և 150 հազար դրամ
Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու տուրքերը կբարձրանան․ քաղաքացիություն ստանալու տուրքը 1000 դրամի փոխարեն կդառնա 25 հազար դրամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ 50 հազար դրամի փոխարեն կսահմանվի 150 հազար դրամ։ Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության նիստում:
«Նախատեսվում է բարձրացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25 000 դրամի փոխարեն»,–ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Միևնույն ժամանակ, առաջարկվում է պետական տուրքի վերանայման կարգավորումը չտարածել փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող հայրենակիցների նկատմամբ: Ավելին՝ առաջարկվում է առհասարակ բոլոր փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի պահանջից:
«Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորությունը, որի պայմաններում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստուգելու է դրանց ամբողջականությունը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերն անձամբ ներկայացնելու լիազոր մարմնին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանատուն կամ հյուպատոսական հիմնարկ»,-ասաց Ղազարյանը:
Ընդ որում, հնարավորություն է ընձեռնվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր հարցումները համապատասխան այլ մարմիններին իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ էականորեն դյուրացնելով վարչարարությունը: Այնուամենայնիվ, նույնականացման համար անձը մեկ անգամ անձամբ պետք է ներկայանա փաստաթղթերով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև կապված ԼՂ-ից բռնի տեղահանումների հետ, անձնագրային բաժանմունքներում շատ մեծ հերթեր էին և հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպե՞ս են կարգավորում:
Նախարարի խոսքով՝ հերթերը բավականին թեթևացել են, կապված են եղել հիմնականում ամառային սեզոնին հանգստի գնալու հետ: «Հաշվարկներ ենք արել, որ այս համակարգը ներդնելուց հետո թողունակությունը մոտ 20 տոկոսով կթեթևանա մեզ մոտ»,-նշեց Ղազարյանը:
Վարչապետը հետաքրքրվեց նաև շրջիկ անձնագրային ծառայության գործունեությունից: Նախարարը հայտնեց, որ ստեղծել են մեկ շրջիկ գրասենյակ: Վերջին այցը եղել է Լոռու մարզ, դիմել է ընդամենը 1 քաղաքացի: