հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ՀՀ-ն մասնակցել է Բուխարեստում Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպմանը

ՀՀ-ն մասնակցել է Բուխարեստում Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպմանը

Հուլիսի 21-ից 23-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի՝ Սև ծովի և Կովկասի տարածաշրջանների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:
 
Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:
 
Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: 
 
ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: