կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը առաջընթաց է գրանցում արդարադատության ոլորտում բարեփոխումներ սկսելու գործում. ԱՄՆ պետդեպ

Հայաստանը առաջընթաց է գրանցում արդարադատության ոլորտում բարեփոխումներ սկսելու գործում. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոն ներկայացրել է, թե արդարադատության ոլորտում ինչպիսի ցուցանիշ է գրանցել Հայաստանը, ինչպես նաև ներկայացրել է իր աշխատանքները Հայաստանում։

«Հայաստանը առաջընթաց է գրանցում օրենքի գերակայության և արդարադատության ոլորտում բարեփոխումներ սկսելու գործում»,- նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին լայնածավալ բողոքի ցույցերը, որոնք հայտնի էին որպես «թավշյա հեղափոխություն», իշխանության բերեցին նոր կառավարություն՝ բացահայտ հակակոռուպցիոն մանդատով և քրեական արդարադատության համակարգը բարելավելու մեծ ցանկությամբ։

Հայտարարությունում նշվում է, որ  Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոն նպատակ ունի քրեական արդարադատության ոլորտում ինստիտուցիոնալ կոռուպցիայի դեմ պայքարում աջակցել Հայաստանին՝ ամուր հիմքեր ստեղծելով հակակոռուպցիոն նոր ինստիտուտների համար, վերակազմակերպել Հայաստանի իրավապահ մարմինները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան,  որդեգրելով ծառայության վրա հիմնված ոստիկանության նոր մոդել: Ինչպես նաև ստեղծել գործիքներ՝ թափանցիկ և հաշվետու կազմակերպչական կառույցների պահպանման համար: Այս նպատակներին հասնելու համար INL-ն աջակցում է հակակոռուպցիոն քննչական մարմնի, անկախ հակակոռուպցիոն դատարանի և պարեկային ոստիկանության նոր կազմակերպության ստեղծմանը:

INL-ը կշարունակի նաև զարգացնել իրավապահ մարմինների կարողությունները՝ բացահայտելու և մասնագիտորեն լուծելու կոռուպցիայի, մարդու իրավունքների կամ խոցելի շրջանակների հետ կապված դեպքերը, ինչպես նաև բարելավելու հասարակության, ոստիկանության և դատարանների արձագանքն ու հաշվետվողականությունը»,- նշված է զեկույցում։

Զեկույցում նշված է նաև, որ բյուրոն իրականացնում է փոխանակման և համագործակցության ծրագրեր Հայաստանի և տարբեր պետական և տեղական մարմինների միջև՝ հմտությունների և լավագույն փորձի փոխանակման նպատակով: 

«INL-ը աջակցել է փաստաբանների էթիկայի կանոնագրքի և բողոքարկման ստանդարտացված մեխանիզմի մշակմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն և մարդու իրավունքների կրթական ծրագրերի մշակմանը, որն այժմ տրամադրվում է դատախազներին, քննիչներին և դատավորներին»,- ասվում է զեկույցում։

  • Կիսվել: