երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանն արձանագրում է միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ  Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան:

Մանասյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին ի պատասխան:

Դավոյանը նկատեց՝ ընդդիմադիր տարբեր գործիչներ ասում են, որ Հայաստանում ընդդիմությունը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների դեմ: Նա այս առնչությամբ հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի կարծիքով:

Մանասյանը պատասխանեց, որ անձի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելը և որևէ ոչ իրավաչափ արարքի համար պատասխանատվության ենթարկելն ինքնին չի հանդիսանում անձին քաղբանտարկյալ համարելու հիմք: «Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ անձը զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանկարծ որևէ արարքի համար ենթարկվեց պատասխանատվության, դեռևս չի ենթադրում, որ անձը քաղբանտարկյալ է»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Նա ընդգծեց, որ ամեն իրավիճակ շատ անհատական է, այսինքն՝ պետք է գործի հանգամանքները լուրջ ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե արդյոք կոնկրետ անձը կարո՞ղ է այդ չափանիշների համատեքստում դիտարկվել քաղբանտարկյալ, թե ոչ:

«Ես պարզապես կարող եմ այս պահի համար արձանագրել այն միջազգային կառույցների զեկույցները, որոնք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց և իրավիճակային գնահատականներ են ներկայացնում: Այս փուլի համար դրանք արձանագրում են, որ չկան հաստատված տվյալներ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին»,-ասաց Մանասյանը:

Նա ընդգծեց, սակայն, որ լրջագույնս պետք է մտածել այն ուղղությամբ, որ որևէ կերպ ընդհանուր հավասարության վիճակը չխախտվի: Այսինքն՝ պետությունում չլինի մի իրավիճակ, երբ անձը, թեկուզ շատ օրինական հիմքերով, ենթարկվում է պատասխանատվության՝ լինելով մի քաղաքական հայացքի կրող, բայց նույն հավասար հանգամանքներով այլ քաղաքական հայացքի կրողը չի ենթարկվում պատասխանատվության: «Մեր բոլորի խնդիրն իրականում պետք է լինի այն, որ կարողանանք ուղղակի բացառել նման իրավիճակները»,-նշեց Մանասյանը:

  • Կիսվել: