Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքում
Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես անչափահասների դեպքում. նրանց կենտրոնական նյարդային համակարգը, այլ օրգան-համակարգերը դեռևս վերջնականապես ձևավորված չեն և հետևաբար նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ունենալ ճակատագրական հետևանք:
Ինչին պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, ուսուցիչները՝
1. Երեխայի վարքի փոփոխություններին. երեխան դառնում է կոնֆլիկտային, չենթարկվող, մեկուսացած, գաղտնապահ, առաջանում են տրամադրության կտրուկ փոփոխություններ:
2. Փոխվում են հետաքրքրությունները. ուսումը, սպորտով զբաղվելը, նախկին ընկերական շրջապատը մղվում է հետին պլան: Երեխան սկսում է բաց թողնել դասերը, պարապմունքները, շփվում է նոր, հաճախ իրենից տարիքով մեծ տղաների հետ: Փոխվում են նրա ֆինանսական պահանջները:
3. Ի հայտ է գալիս ախորժակի կորուստ՝ երեխան արագ նիհարում է, դառնում է գունատ: Լինում է բբերի լայնացում կամ նեղացում, որը չի փոփոխվում լուսավորությունից:
4. Արտահայտված անքնություն կամ քնկոտություն:
Այս փոփոխություններին պետք է լինել շատ ուշադիր և ժամանակին դիմել մասնագետին:
Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիր. պահպանվող խնդիրներ, նոր մարտահրավերներ, նորարարական արձագանքներ»:


