ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էրիկ Ալեքսանյանի հարցով դիմել են ՀՀ նախագահին․ Փաստաբանների պալատի հայտարարությունը

Էրիկ Ալեքսանյանի հարցով դիմել են ՀՀ նախագահին․ Փաստաբանների պալատի հայտարարությունը

Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է իր անդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ առումով Փաստաբանների պալատը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Նշված խնդիրը՝ փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգի, փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության շրջանակներում գործողությունների ազատության, փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության և կոնկրետ փաստաբանի վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերի համատեքստում, քննարկվում է միջազգային գործընկերների հետ մասնավորապես, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդի (CCBE) հարթակում:

Արդյունքում, սույն թվականի նոյեմբերի 15-ին, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), որի դիտորդ անդամ է Հայաստանը, ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հայտնելով իր մտահոգությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ և հորդորել նպաստել Էրիկ Ալեքսանյանի ազատության վերականգնմանը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:

Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին. Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):

Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։

Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: