երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Եղվարդում ապօրինի  գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Եղվարդ քաղաքի 51-ամյա  բնակիչը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց համապատասխան թույլտվության կազմակերպում է հրաձգության պարապմունքներ՝ այցելուներին տրամադրելով  հրաձգարանի տարածքում պահվող ապօրինի զենք-զինամթերք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարանի տարածքում հայտնաբերվել են 3 ինքնաձիգ, որսորդական 3 հրացան, լիցքավորված ատրճանակ, տարբեր տեսակի և տրամաչափի 2210 փամփուշտ, հակահետևակային և  հակատանկային ականներ, մարտական գլխիկներով ականանետեր, ականանետի արկեր, 15 նռնակ, նռնակի պայթուցիչներ, փամփշտատուփեր, որոնցից մի քանիսը՝ լիցքավորված  և տարբեր տեսակի այլ զինամթերք։

Եղվարդ քաղաքի 51-ամյա  բնակիչն ու հրաձգարանի աշխատակիցը ձերբակալվել են։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալուն միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: