ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանին եւ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան

Դավիթ Տոնոյանին եւ Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Ըստ աղբյուրի՝ նրանք բերվել են Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նրանց կալանքի միջնորդությունները պետք է քննեն դատավորներ Մնացական Մարտիրոսյանն ու Գագիկ Պողոսյանը:

Դատական նիստը, սակայն, հետաձգվել է՝ այն կկայանա վաղը՝ ժամը 13:00-ին:

«Մինչ այս պահը որևէ պաշտոնական հաստատում չկա և կալանքի նման հապճեպ քննությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս անձին 72 ժամ պահել ձերբակալվածի կարգավիճակով»,- գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ըստ աղբյուրի հրապարակման՝ Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը ձերբակալվել են 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում:

ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։

Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

  • Կիսվել: