ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել

Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրվել

Դավիթ Տոնոյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

Այս մասին «Փաստինֆոյին» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ «Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

  • Կիսվել: