երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դատարանը մերժել է ոստիկանության հայցը. զոհված Մխիթար Գալեյանի հայրը չի տուգանվի

Դատարանը մերժել է ոստիկանության հայցը. զոհված Մխիթար Գալեյանի հայրը չի տուգանվի

ՀՀ վարչական դատարանը մերժել է 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության պահանջը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Դատարանը որոշումը հրապարակել է երեկ՝ մարտի 7–ին։  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

Նշենք, որ հայցը վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածին (Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Այն պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժ կիրառելով տասնյակ ծնողների բերման էին ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:

  • Կիսվել: