չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Դատարանների կողմից մինչև 2 մլն դրամի բռնագանձման ենթակա գործերը կհանձնվեն նոտարներին. նախագիծ

Դատարանների կողմից մինչև 2 մլն դրամի բռնագանձման ենթակա գործերը կհանձնվեն նոտարներին. նախագիծ

Ընդհանուր իրավասության դատարանի ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր կհանձնվեն նոտարների իրավասությանը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու նախագիծը ներկայացնելիս:

Ըստ նախարարի՝ նման գործերով դատավորն արդարադատություն չի իրականացնում, վեճ չի լուծում, քանի որ նշված գործերը հիմնված են լինում գրավոր գործարքի վրա, որով դատարանից պահանջվում է կայացնել դատական ակտ գումարի բռնագանձման մասին, իսկ պատասխանողը, մեծ մասամբ, չի էլ առարկում ներկայացված պահանջին:

«2020-22 թթ. ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 441 հազար հայցադիմում, որից մոտավորապես 395 հազարը եղել են հենց նմանատիպ գործեր: Այս գործերը այժմ քննում են դատարանում, և օրենքը սահմանում է, որ այս վեճերը պետք է լուծվեն 3 ամսվա ընթացքում: Եվ ստացվում է իրավիճակ, երբ դատավորները ծանրաբեռնվում են այս փոքր գործերով, ինչի արդյունքում տուժում են նույն դատավորի վարույթում գտնվող այլ կարևոր գործերը:

Նշված պատճառներով Կառավարության ծրագրով կարևորվեց փոքր գործերը դուրս բերել դատարաններից և մտածել դրանց այլընտրանքային լուծումների մասին: Այս քայլին գնալով՝ դատավորներն արդեն հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել միայն այն քաղաքացիական գործերը, որոնցով գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում 2 միլիոն դրամը: Ընդ որում՝ նոտարին նշված պահանջով դիմում կարող են ներկայացնել բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների՝ էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտներում ծառայություն մատուցող անձինք:

Գրիգոր Մինասյանը նաև ներկայացրեց նոտարի կողմից կարգադրություն արձակելուն ուղղված առաջարկվող կառուցակարգը.

«Նոտարը ստանում է դիմումը, այն ուղարկում է պարտապանին՝ առաջարկելով ծանուցումը ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունը: Եթե պարտապանը տրամադրված ժամկետում առարկում է ներկայացված պահանջի դեմ կամ կատարում է այն, ապա նոտարը մերժում է կարգադրություն արձակելու մասին դիմումը: Եթե առարկություն չի ստացվում, ապա նոտարը արձակում է կարգադրություն»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ մեխանիզմը կունենա մի շարք առավելություններ, որոնցից են գործընթացի պարզությունն ու արագությունը, գործընթացը համակարգչով իրականացնելը, դիմողի համար պետական տուրքի պարտականություն չսահմանելը (միայն 10 հազար դրամ նոտարական գործողության վճար պետք է արվի), ինչպես նաև արձակած կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալուց հետո հարկադիր կատարմանը էլեկտրոնային եղանակով ուղարկվելը:

  • Կիսվել: