չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատական համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից Հայաստանը շատ վատ վիճակում է գտնվում. Թաթոյան

Դատական համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից Հայաստանը շատ վատ վիճակում է գտնվում. Թաթոյան

Ներկայումս Հայաստանի դատավորների նկատմամբ կիրառված կարգապահական միջոցները անարդյունավետ են։ Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր Ազգային ժողովում Պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։

Նրա խոսքով՝ այսօր լուրջ խնդիրներից  է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման անհնարինությունը։

«Ներկայումս, եթե ԲԴԽ-ն  դատավորի նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոց, ապա գոյություն չունի որևէ օրենսդրական հիմք դա բողոքարկելու համար։ Սա խնդրահարույց է՝ հատկապես այդ դատավորի արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։ Ամեն դեպքում ողջունելի է, որ այս նախագիծը որոշակի առումով լուծում է այս խնդիրը, այդուհանդերձ, դա ավելի շատ կարելի է համարել նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերանայում միևնույն մարմնի կողմից, քան բողոքարկում»,- ասաց ՄԻՊ-ը։

Նա նաև նշեց՝ ընդունելի են այն փաստարկները, որ խնդրի ամբողջական լուծմանը խոչընդոտում են գործող սահմանադրական կարգավորումները, ուստի սա կարող է քննարկման առարկա դառնալ նոր ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում որպես օրինակ։

Արման Թաթոյանն անդրադարձավ դատական համակարգում մեկ այլ հիմնարար խնդրի՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության պահանջի խախտմանը։

«Տարիներ շարունակ քաղաքացիները ՄԻՊ-ին հասցեագրած իրենց բազմաթիվ բողոքներում բարձրացրել են իրենց գործերի  դատական քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացնելու և դրա համար պատասխանատվության մեխանիզմների նախատեսված չլինելու հարցը։ Բողոքների մեծ մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գործերի քննությունը տարիներ է տևում»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ ՄԻՊ-ի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործերից մեկով գործի դատաքննությունը շարունակ հետաձգվել է, ու շուրջ 50 դատական նիստ առհասարակ չի կայացել։ Մեկ այլ գործով քննությունն արդեն 8 տարի շարունակվում է ու դեռ  վերջնական դատական ակտ չի կայացվել։

 «Միայն 7 դատավորների մոտ նման գործերի թիվը հասնում է 1123-ի»,- ընդգծեց նա՝  մեջբերելով  ԲԴԽ-ի պաշտոնական վիճակագրությունը։

Արդյունքում, ըստ նրա, այս գործերն ի վերջո ՀՀ դատական ատյանները սպառելուց  հետո հասնում են ՄԻԵԴ, որտեղ արձանագրվում է եվրոպական կոնվենցիայի խախտում։

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում  և դատավորների թիվը ակնհայտորեն ցածր է անհրաժեշտ թվից։ «Եթե միջազգային ցուցանիշներով ենք նայում, Հայաստանը շատ վատ վիճակում է գտնվում»,- ասաց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: