ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատական եռաստիճան համակարգը չի վերանայվի․ նախարարը մանրամասներ ներկայացրեց նոր սահմանադրության հայեցակարգից

Դատական եռաստիճան համակարգը չի վերանայվի․ նախարարը մանրամասներ ներկայացրեց նոր սահմանադրության հայեցակարգից

Նախորդ տարվա վերջ Կառավարությանն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հայեցակարգը, որի մի մասը քննարկվել և հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը՝ հանձնաժողովն է հաստատել։ Հունվարի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` նշելով, որ այս ամսվանից սկսելու են բուն հայեցակարգի քննարկումը։

Ամփոփելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ նախարարը ասաց, որ նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել առկա իրավական վակուումների և փակուղային իրավիճակների շտկման ակտերին։ Ըստ Մինասյանի՝ այն բոլոր տեղերը, որտեղ նախկինում սահմանադրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով փակուղու մեջ էր հայտնվում որևէ իրավական գործընթաց, վերանայվել են, անդրադարձ է կատարվել նաև նախագահի լիազորություններին։

«Ամեն ինչին անդրադարձել ենք, բայց դեռևս ինձ իրավունք չեմ վերապահում ներկայացնել հայեցակարգի կարևորագույն դրույթները, որովհետև ունենք պայմանավորվածություն, որ ամբողջությամբ կքվեարկենք հայեցակարգը, նոր արդեն հանրային իրազեկում տեղի կունենա»,- հավելեց նախարարը։

Մինասյանը տեղեկացրեց, որ երկու-երեք նիստով քննարկել են դատական եռաստիճան համակարգի վերանայման տարբերակը։

«Ինքս կողմ էի՝ ինչ-որ մի օղակ դուրս գար․ կամ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները մեկտեղվեին, կամ սահմանադրական և վճռաբեկ դատարանները մեկտեղվեին։ Իրականում, ունենք ոչ թե եռաստիճան, այլ հնգաստիճան համակարգ։ Անձամբ իմ և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնավորումն այն է, որ շատ հաճախ սահմանադրական դատարանի որոշումները վճռաբեկ դատարանը այլ ձևի է մեկնաբանում, ինչը երկու ինստիտուտների միջև իրավական բանավեճի տեղիք է տալիս։

Ցավոք, ես պարտվեցի այդ խորհրդի քննարկումների արդյունքում։ Եվ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գտավ, որ համակարգին պետք չի ձեռք տալ և ուղղակի եղած ինստիտուտները պետք է զարգացնել»,- ասաց նախարարը։ 

Մինասյանը ներկայացրեց նաև, թե ինչ ընթացակարգ է սպասվում սահմանադարական բարեփոխումների հայեցակարգը հաստատելուց հետո։

«Ինչպես գիտեք, բարդ ընթացակարգով բարդ մոդել է ընտրված՝ քաղաքական ներկայացուցիչներ, կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ են, և կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր հարցերը որոշվում են բաց և թափանցիկ քվեարկությամբ և չկա մի հարց, որը անցած լինի մեկ կամ երկու ձայնի առավելությամբ, իսկ դա նշանակում է, որ իրականում մեր հայեցակարգը կլինի կոնսենսուսային՝ հենց հասարակական կազմակերպությունների հետ գալով ընդհանուր հայտարարի, որը շատ կարևոր է՝ հաշվի առնելով նախկին փորձը։

Հայեցակարգի մեծ մասը՝ մոտ 70  տոկոսը, հենց խորհդի կողմից քննարկվել և քվեարկվել է, բայց ունենք մի քանի հայեցակարգային դրույթներ, որոնք քննարկվել են միայն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Լինելու է հետևյալ գործընթացը՝ հունվարի 15-ից սկսած մենք շատ ինտենսիվ խորհրդի և հանձնաժողովի նիստեր ենք անցկացնելու և ունենալու ենք մի քանի ամսում պատրաստի և վերջանական հայեցակարգ, որը քվեարկվել է հենց սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից։ Հաստատելուց հետո կսկսվի հանրային իրազեկման, դրան զուգահեռ՝ բուն սահմանադրության նախագծման գործընթացը։ Այսինքն, հոդված առ հոդված նայելով հայեցակարգը՝ սկսվելու է գրվել նոր սահմադրությունը։

Կարծում եմ, որ 3 ամսվա ընթացքում կունենանք վերջանական քվեարկված հայեցակարգ»,- նշեց Մինասյանը։

Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում բուն սահմանադրական բարեփոխումների նախագիծը դնել հանրաքվեի, նախարարը պատասխանեց․

«Ճիշտ է՝ հանձնաժողովի նախագահությունը ինձ է տրված, բայց դա զուտ ֆորմալ նիստերի վարման իրավասություն է։ Գործընթացը արագացնելու ոչ մի լիազորություն և հնարավորություն չունեմ, նույնիսկ շատ հաճախ մեր գործընկերների կողմից մեղադրվում եմ, որ շատ եմ ուզում արագ արդյունք ստանալ։ Այդ իսկ պատճառով որևէ խոստում չեմ կարող տալ, բայց ,կարծում եմ՝ հաջորդ տարվա ասուլիսին կկարողանամ ձեզ ներկանացնել բուն սահամանադրության նախագիծը»,- եզրափակեց Մինասյանը։

  • Կիսվել: