կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Բանակցությունը՝ որպես առաջնային արձագանքման գործիք․ Ոստիկանության գվարդիայի կազմում բանակցային բաժին է ձևավորվել

Բանակցությունը՝ որպես առաջնային արձագանքման գործիք․ Ոստիկանության գվարդիայի կազմում բանակցային բաժին է ձևավորվել

ՆԳՆ ոստիկանության համակարգում բանակցային ոստիկանությունն այլևս գաղափար չէ, այլ իրականություն։ Ուժի փոխարեն՝ խոսքը, հարկադրանքի փոխարեն՝ համբերատար լսելու կարողությունը և արդյունավետ հաղորդակցության միջոցով վստահության ձևավորումը՝ այս սկզբունքներով են առաջնորդվում բանակցող ոստիկանները։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «Ոստիկանության բարեփոխումների շրջանակում չորս հենասյունային ուղղություններից՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացում նախատեսվեց առանձին բանակցային բաժնի գաղափարը, այսինքն՝ ստորաբաժանում, որը կզբաղվի բանակցություններով: Բանակցային ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության կոնցեպտի մեջ նոր մոտեցում է»:

Հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ շատ հաճախ իրավիճակը լարվում է, և հենց այդտեղ է, որ բանակցություններ վարող ոստիկանն ընտրում է երկխոսելու տարբերակը՝ որպես զենք կիրառելով ազդեցիկ խոսք, հոգեբանական գիտելիքներ, իրավիճակի թիրախային վերլուծություն և իրավաչափ գործողություններ:

Էդգար Պետրոսյանն ընդգծում է, որ բանակցային ոստիկանության խնդիրն է ոստիկանության և միջոցառումների մասնակիցների միջև վերացնել մենք-նրանք անջրպետը, դրսևորել քաղաքացիակենտրոն մոտեցում։

Ոստիկանության համակարգում որպես առանձին ստորաբաժանում մինչ այս երբեք չի գործել բանակցային բաժինը: Էդգար Պետրոսյանի խոսքով՝ բանակցող ոստիկաններն ընտրվել են մի շարք մասնագիտական և անձնական չափորոշիչների հիման վրա. «Նրանք պետք է լինեն հոգեբանորեն սթրեսակայուն, իրավական բավարար գիտելիքներ և հաղորդակցության հմտություններ ունենան»:

Հաջող բանակցությունը հիմնված է համագործակցության և փոխզիջումների վրա, ինչը թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում նվազեցնել լարվածությունը, ագրեսիվ դրսևորումները՝ բացառելով հարկադրանքի կիրառումը։

Բանակցային ստորաբաժանման ձևավորումը ՆԳ նախարարության բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է, որը հիմնված է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության և քաղաքացիակենտրոն մոտեցումների վրա՝ հասարակության հետ փոխհարաբերություններում ամրապնդելով վստահությունն ու արդյունավետությունը։

  • Կիսվել: