շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն

Ավինյանի գործով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում դեռևս չի հարուցվել. դատախազություն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
Խոսքն այն վարույթի մասին է, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հարուցել էր
2022 թ. դեկտեմբերին: Պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:
 
«Վերադաս դատախազի որոշման հիման վրա քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցվել է Քննչական կոմիտե, որտեղ ներկայում կատարվում է նախաքննություն։ Քրեական վարույթի շրջանակում որևէ անձի նկատմամբ դեռեւս չի հարուցվել քրեական հետապնդում»,– ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԿՀ-ից ստացած համապատասխան փաստաթղթերը Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) է ուղարկել քրեական վարույթ նախաձեռնելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը):

  • Կիսվել: