չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց է համարում հաշմանադամության կարգի չափորոշիչների փոփոխությունը

Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց է համարում հաշմանադամության կարգի չափորոշիչների փոփոխությունը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաշմանդամության կարգի չափորոշիչների փոփոխության վերաբերյալ պարբերաբար բազմաթիվ մտահոգիչ զանգեր և գրություններ է ստանում վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողներից և նրանց ընտանիքից։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

« 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը ծանր հետևանքներ թողեց մեր պետության և հասարակության սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ պատերազմի հետևանքով, բացի անդառնալի մարդկային կորուստներից, մենք ունեցանք հազարավոր վիրավոր զինծառայողներ, կամավորներ, որոնցից շատերը հայրենիքի պաշտպանության համար մղած մարտերում ձեռք բերեցին հաշմանդամություն և մինչ օրս ունեն շարունակական խնամքի կարիք։ Պատերազմը և վերջինիս հետևանքները պետք է ևս մեկ ահասարսուռ ազդանշան լինեն միասնության, անտարբերության գերակայությունը հաղթահարելու, մերձավորին սիրելու և ապրումակցելու։

Մեր հանձնաժողովը պարբերաբար բազմաթիվ մտահոգիչ զանգեր և գրություններ է ստանում հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում և հաշմանդամություն ստացած զինծառայողներից և նրանց ընտանիքից։

Հատկապես վերջին շրջանում կարելի է ենթադրել, որ հաշմադամության կարգերի համատարած փոփոխությունները հիմնականում ոչ միայն խնդրահարույց են, այլև այդ որոշումներում բացակայում է հոգեբանական բաղադրիչը»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ բացի օրենքով ամրագրված նորմատիվ կարգավորումներից, գոյություն ունի նաև պատերազմ անցած մարդու ճակատագիր և այդ ուղին անցած մարդկանց հոգեկան բավարարվածությունը, կյանքի որակի բարելավումը և լիարժեք ներգրավվածությունը դեպի հասարակություն որոշակիորեն կախված է նաև այն հանձնաժողովների որոշումներից և սրտացավ աշխատանքից, որոնց հետ հաշմանդամություն ունեցող զինծառայողները որևէ կերպ առնչվում են։

« Վերոնշյալ խնդիրներով զբաղվող լիազորություն ստացած կամ որևէ կերպ այդ աշխատանքներում ներգրավված բոլոր գերատեսչություններին, կառույցներին և անձանց հորդորում եմ ջանալ առավելագույնը, պատշաճ կերպով լուծումներ գտնել վերոնշյալ խնդիրների առնչությամբ, չմոռանալով ամենաբարձրագույն արժեքի՝ մարդու մասին»,- եզրափակեց Քոչարյանը։

  • Կիսվել: