հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ամուլսարի հարցով ջերմուկցիները կդիմեն ՀՀ վերաքննիչ դատարան

Ամուլսարի հարցով ջերմուկցիները կդիմեն ՀՀ վերաքննիչ դատարան

Նոյեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց մի խումբ ջերմուկցիների հայցը, որով նրանք դատարանից պահանջում էին պարտավորեցնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական թիվ ԲՓ 35 եզրակացությունը:

Ջերմուկցիների իրավապաշտպան Նազելի Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ դատարանը սխալ է մեկնաբանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի՝ նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ դրույթը, և այդ հիմքով բողոք կներկայացնեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Ամուլսարի գործով դատավարության 5 նիստերի մասին ամբողջական և մանրամասն տեղեկություն ենք կարդում Կանաչ Հայաստնա ՀԿ ֆեյսբուքյան էջում․ «Մաս 1
https://www.youtube.com/watch?v=3ThUfHTk8Qs&feature=youtu.be
Ջերմուկ համայնքից 6, Գնդեվազից՝ 13 քաղաքացի դիմել է ՀՀ բնապահապանության նախարարություն՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարություն՝ պահանջելով, որ Ամուլսարի գործով ՇՄԱԳ դրական փորձաքննությունը ուժը կորցրած ճանաչվի։ Նախարարությունը չի արձագանքել,ինչին ի պատասխան համայնքի 19 քաղաքացիների փաստաբան՝ Նազելի Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան երեք նոր երևան եկած էկոլոգիական գործոններով, ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ կողմ՝ ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Հայցվոր կողմը դատարանին էր ներկայացրել նոր ի հայտ եկած գործոններ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա էր պահանջում ուժը կորցրած ճանաչել ԲՓ 35 եզրակացությունը: Այդ փաստաթղթերի թվում էին ամերիկահայ Հարութ Բրոնզյանի պատվերով 3 միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպությունների (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) 4 փորձագետների գնահատականներին ու եզրակացություններին, Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի գրությանը, Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ եզրակացությունը, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերության պատրաստած փորձաքննական եզրակացությունը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած գրությունը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումը:
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ առաջին նախնական դատական նիստը, որտեղ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց կասեցնել գործի քննությունը, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, ինչին հակադարձեց փաստաբան Նազելի Վարդանյանը, որ այդ գործը ոչ մի կապ չունի վարչական դատարանում քննվող գործի հետ և ենթակա է դատարանի կողմից միջնորդության մերժման։ Դատական նիստը հետաձգվեց, դատավոր Արծրուն Միրզոյանի կողմից, քանի որ Բնապահապանության նախարարության ներկայացուցիչը իր ձեռքի տակ չուներ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի մասին որոշումը։

Մաս 2
https://www.youtube.com/watch?v=z7Q8ONSgPWo&feature=youtu.be
ՀՀ Վարչական դատարանը Արծրուն Միրզոյանի գլխավորությամբ դատական գործին ներգրավվել էր ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ին՝ ի դեմս ներկայացուցիչ Զարուհի Զուռնաչյանի և Արթուր Մինասյանի։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի շահերը ներկայացնում էր Լևոն Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը, ինչպես նաև Լիդիան Արմենիա ՓԲԸ-ին որպես 3-րդ կողմ , վերջինիս շահերը ներկայացնում էր Սայաթ Բադալյանը։
Պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախորդ դատական նիստին, որպեսզի այս գործը կասեցվի քանի որ ՀՀ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ։ Հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը պնդեց, որ նոր երևան եկած էկոլոգիական գործոնները հնարավորություն է տալիս Բնապահապանության նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել Լիդիան Արմենիայ ՓԲԸ-ի դրական ՇՄԱԳ փաստաթուղթը, սակայն նա չի կատարել և դատարանը պետք է քննի և պարտավորեցնի ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փաստաթուղթը։
Նազելի Վարդանյանը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ այս գործը որևէ առնչությւոն չունի Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի հետ։
Դատարանը լսելով կողմերին 3 օրյա ժամկետում դատական ակտ պետք է հրապարակի՝ գիտակցելով, որ այդ ակտը ենթակա կլինի բողոքարկման։

Մաս 3
https://www.youtube.com/watch?v=yJn6nGf-I4U&feature=youtu.be
Արդեն երրորդ դատական նիստն է, ինչ ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը , Լիդիան Արմենիա ներկայացուցիչը բոլոր առիթները բաց չեն թողնում, որ դատական նիստը հետաձգեն, կասեցնեն, բայց ի հեճուկս այս մարդկանց դատական նիստը շարունակվում է։Դատավոր Արծրուն Միրզոյան մերժեց բոլոր միջոնորդությունները՝ այս դատավարությունը կասեցնելու վերաբերյալ և մենք վերջապես մտանք դատաքննության փուլ։ Հիշեցնեմ նաև, որ նախորդ դատական նիստին փաստաբան Nazeli Vardanyanը միջնորդություն էր ներկայացրել որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Լիդիանի գործողությունների վրա Ամուլսարում, այս միջնորդոսւթյունն էլ, ցավոք, դատավորը մերժեց։

Մաս 4
https://www.youtube.com/watch?v=CbOwH4wjKbw&feature=youtu.be
Դատարանը ճշտում է, որն է նոր երևան եկած էկոլոգիական գործոնը ՀՀ Վարչական դատարանում Ամուլսարի գործով դատաքննության փուլն ավարտվեց։ Դատավոր Արծրուն Միրզոյանը հարցեր ուղղեց կողմերին, ճշտեց, թե նոր էկոլոգիական գործոն կամ հանգամանքներ են եղել, որ ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանը ուժը կորցրած չի ճանաչել Ամուլսար ծրագրով ՇՄԱԳ դրական փորձաքննական փաստաթուղթը։ Զուգահեռաբար հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց մի քանի հոդվածներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ դատարանում գործի հանգուցալուծման համար։ Այնուհետև, ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանի փաստաբան Խաչատուր Խաչատրյանը պատասխանեց, որ նախարարությունը Նազելի Վարդանյանին պատասխանել է էլեկտրոնային նամակով։ Սակայն Նազելի Վարդանյանն ասաց, որ այդ նամակը նա չի ստացել և այն չի հանդիսանում վարչական ակտ։ Երկու կողերն էլ հանդես եկան բացման խոսքով։

Մաս 5
https://www.youtube.com/watch?v=OXXPOK9610A&feature=youtu.be
Դատավոր Արծրուն Միրզոյանը մերժեց Ամուլսարի գործով հայցը
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան՝ Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի՝ խնդրելով պարտավորեցնել նրան ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Դատարանը վճռեց Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սևակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լևոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վազգեն Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումն մերժել:
Ջերմուկցիների իրավապաշտպան ասաց, որ դատարանը սխալ է մեկնաբանել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի՝ նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ դրույթը, և այդ հիմքով բողոք կներկայացնեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
»

  • Կիսվել: