2018-ից հետո ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն չունենք․ գլխավոր դատախազ
Դատախազությունն այս պահին տեղեկություն չունի 2018 թվականից հետո Հայաստանում համակարգային բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ կոռուպցիոն գործերի քննության ընթացակարգը փոխվել է՝ միջազգային համագործակցության և ֆինանսական հոսքերի վերլուծության հիման վրա։
Գլխավոր դատախազը հայտարարեց, որ 2018 թվականից հետո ՀՀ տարածքում կատարված կոռուպցիոն հանցագործությունների համակարգային բնույթի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեն։
«Սա ունի մի քանի պատճառ, որոնցից առաջինը ժամանակագրությունն է։ Համակարգային գնահատելու համար անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նույնականացվեն դերակատարներն ու կապերը», – ասաց նա՝ հավելելով, որ այդ կապերի ամբողջական բացահայտման համար նախաքննությունը երբեմն կարող է երկար տևել։
Նրա խոսքով՝ կոռուպցիոն գործերով քննությունները փոխվել են ըստ բովանդակության․ այժմ խոշոր ֆինանսական հոսքերի ուսումնասիրությունը առաջնային նշանակություն ունի։
«Կոռուպցիոն հանցագործությունների 90 տոկոսից ավելին կապված է բանկային շրջանառության հետ։ Դատախազների կարողությունը զարգացվում է, որպեսզի նրանք կարողանան կարդալ և հասկանալ բանկային գաղտնիքը»,– ասաց Վարդապետյանը։
Նա նաև կարևորեց փողերի լվացման հոդվածի կիրառումը, որը նախկինում գործնականում չէր կիրառվում օրենսդրական բացերի պատճառով։ Սակայն, ըստ Վարդապետյանի, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շնորհիվ այսօր հնարավոր է կիրառել այդ հոդվածը՝ միջազգային չափանիշներին համահունչ։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Վարդապետյանը նշեց, որ դրական տեղաշարժ է նկատվում մի շարք երկրների հետ։
«Տարիներ շարունակ բախվում էինք խնդրի, երբ այլ երկրները չէին տրամադրում բանկային տվյալներ։ Այսօր արդեն համագործակցում ենք, օրինակ, Շվեյցարիայի, Իտալիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի հետ։ Ավելին, ԱՄՆ-ում արգելադրված գույքի վերադարձման շուրջ բանակցություններ են ընթանում»,- հավելեց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ դատախազությունը պատրաստվում է լիազոր դատախազ նշանակել Եվրաջասթի շրջանակում, ինչը նոր գործիք կլինի միջազգային համագործակցության ամրապնդման համար։
«Մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական է։ Բայց գիտենք մեր թույլ կողմերը և աշխատում ենք դրանց ուղղությամբ։ Կարևոր է, որ քննիչներն ու դատախազները ունենան համապատասխան վերլուծական կարողություններ»,– ամփոփեց Վարդապետյանը։
Նա ընդգծեց, որ մինչև գործը դատարան չուղարկվի և բոլոր կապերը հստակ չնույնականացվեն, տվյալներ չեն հրապարակվում՝ նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով։