շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով. ծննդատուն այդպես էլ չկառուցվեց

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանի հայտարարության հետքերով. ծննդատուն այդպես էլ չկառուցվեց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կհիշեք՝ անցյալ տարի ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվելու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսի 2-ին նախարարն ու գործարարը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով անցյալ տարի պետք է մեկնարկեին «Նազարեթ եւ Սոնա Սրմաքեշ Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Իսկ օգոստոսի 10-ին տեղի էր ունեցել հիմնարկեքի արարողությունը, եւ նոր ծննդատան առաջին քարն են դրել: Բայց, արի ու տես, առաջին քարը դնելուց հետո անցել է մոտ 10 ամիս, սակայն ծննդատան հետ կապված որեւէ գործողություն այդպես էլ չի արվել: Եւ ամենակարեւորը՝ որեւէ մեկը չգիտի, թե այս գործընթացը որ փուլում է:

Օրինակ՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Անցյալ տարի եղել է հիմնարկեքի արարողությունը, դրանից հետո որեւէ նորություն, որեւէ տեղաշարժ ես չգիտեմ»: Թե ինչու տեղաշարժ չկա, Ասլանյանը դժվարացավ նշել եւ խորհուրդ տվեց դիմել Առողջապահության նախարարություն, ապա նշեց, որ այդ տարածքում այս պահին որեւէ գործողություն չի կատարվում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չմեկնաբանեց, բայց հորդորեց հիմնադրամից ճշտել: Նշենք, որ հիմնադրամի հետ կապված որեւէ տվյալ, հեռախոսահամար համացանցում առկա չէ: Ստացվում է, որ շվեյցարահայ գործարարի՝ ծննդատուն կառուցելու խոստումը օդում է մնացել: Հայտնի չէ՝ Սրմաքեշը տեր կկանգնի իր խոստմանը, թե ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: