երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ժնևում Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացվել են ՀՀ-ում ոլորտի բարեփոխումները

Ժնևում Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացվել են ՀՀ-ում ոլորտի բարեփոխումները

Ժնևի Ազգերի պալատում ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման հիմնական առանցքը փորձի փոխանակումն էր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահմանությանն առնչվող գործերով արդարադատության մատչելիության ապահովման շուրջ:

Աշխատանքային խումբը քննարկել է այս ոլորտներում առկա միտումները, լավագույն փորձը, խոչընդոտները, մարտահրավերներն ու նորարարական լուծումները: Շարունակվել են նաև նախորդ նստաշրջանի գլխավոր թեմայի՝ էներգետիկայի հետ կապված գործերով արդարադատության մատչելիության վերաբերյալ քննարկումները:

Պատվիրակները քննարկել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերով արդարադատության իրականացման ծախսերի վերացման, ինչպես նաև որոշումների վերանայման խելամիտ ժամկետներին վերաբերող հարցերը:

Դիտարկվել են արդարադատության արդյունավետ հասանելիությունը խթանելու այնպիսի գործիքներ, ինչպիսիք են անկախ բնապահպանական փորձաքննության հասանելիությունը, վերանայման ընթացակարգերի հասանելիությունը, համապատասխան տվյալների ու վիճակագրության հավաքագրման և համապատասխան նախադեպային իրավունքի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոցները (էլեկտրոնային արդարադատություն, ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, այլ):

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանք է տարվում մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ շեշտադրելով, թե դրանք ինչպես են առնչվում, կամ ինչպես կարող են կայուն հիմք ստեղծել հանրության էկոլոգիական իրավունքների պաշտպանությունն առավել դյուրին դարձնելու համար: Նա ներկայացրել է, թե առկա խոչընդոտները վերացնելու համար ինչպես է ապահովվում երկխոսությունը բազմաշահառու խմբի միջև:

Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, իսկ հասարակական թևից՝ «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

  • Կիսվել: