չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Ժամկետից խոսելն անշնորհակալ գործ է․ ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել. ավելի ուշ, կարծում եմ՝ մեկնաբանություն կլինի ԱԳՆ-ի կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ Բաքվից հնչած մտահոգությունների վերաբերյալ  լրագրողի դիտարկմանը:

Իսկ այն հարցին, որ հնարավո՞ր է այդ հայտարարությունը հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են, և պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից կա, և պետք է ասեմ, որ այն մտահոգությունները, որոնք որ մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով հնչում են նաև Ադրբեջանում: Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, ապա ԱԺ նախագահն ասաց. «Անշնորհակալ գործ է ժամկետների մասին խոսելը. մենք պատրաստ ենք շատ վաղուց ստորագրել, մենք հիմա էլ ենք պատրաստ այդ պայմանագիրը ստորագրելու, և այդ ուղղությամբ նույնպես խոսակցությունները շարունակվում են, որովհետև ակնհայտ է, որ կոնֆլիկտ, որպես այդպիսին, այլևս չկա, կոնֆլիկտի պայմաններ չկան, նախադրյալներ չկան ու չեն կարող լինել: Բոլոր պետությունների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են, մենք մեր հարևանների հետ մեր հարցերը պատրաստ ենք և կարողանում ենք համատեղ քննարկել»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը: 

  • Կիսվել: