«Ժամանակ»․ Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի՝ հայերենին տիրապետելու փաստը ստուգվի քննությամբ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով խորհրդարան է մտել ԲՀԿ ցուցակով և վերջերս է դուրս եկել խմբակցությունից, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում: Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները գրանցման փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԿԸՀ-ում հայոց լեզվից թեստ հանձնելու մասին տեղեկանք:
Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, և դրա համար բավարար է, որ թեկնածուի ատեստատում լինի համապատասխան նշում, որ նա դպրոցում սովորել է հայերեն: Բագրատյանն առաջարկում է, որ հայերենին տիրապետելու փաստը ստուգվի քննությամբ: Բագրատյանի ակնարկը կարելի է հասկանալ, նա թերևս նկատի ունի իր նախկին՝ ԲՀԿ խմբակցության որոշ անդամների՝ ակնարկելով, որ նրանից ոմանք չեն տիրապետում հայերենին»: