կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր բանակ ունենալու և զենք ձեռք բերելու իրավունք ունի. Փաշինյան

Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր բանակ ունենալու և զենք ձեռք բերելու իրավունք ունի. Փաշինյան

Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալու բանակ, ձեռք բերելու զենքեր և այլն, և այլն... Այս մասին այսօր Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի պանելային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի՝ Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության հետ կապված մեղադրանքներին:

«Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են, դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը և հույս հայտնել, որ դա կստորագրվի՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա՝ 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ, 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:

  • Կիսվել: