Ընդգծվել է ռազմավարական նշանակությունը. Բայրամովը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հռչակագրում «Զանգեզուրի միջանցքին» անդրադարձի մասին
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թյուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության աճը և հավատարմությունն ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին։
Նշվում է նաև, որ փաստաթուղթն ընդգծում է կազմակերպության դերը որպես տարածաշրջանային խաղաղության և բազմակողմ համագործակցության խթանման կառուցողական հարթակ և ընդգծում է համատեղ գործողությունների կարևորությունը այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, կիբերսպառնալիքները և կլիմայի փոփոխությունը։
Ըստ Բայրամովի՝ փաստաթուղթը նաև անդրադառնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Այս առնչությամբ Բայրամովը, մասնավորապես, ասել է. «Առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալիորեն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են նաև Միջին միջանցքի անդամ երկրների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ համաձայնությունը պատմական նշանակություն ունի:
Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը և կստեղծի տարանցիկ նոր հնարավորություններ:


