ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Յա, բա բոլոր դատավորներին ո՞ւր էիք կոռումպացված համարում. Էդմոն Մարուքյան

Յա, բա բոլոր դատավորներին ո՞ւր էիք կոռումպացված համարում. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Դատական օրենսգրքի հետ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է առաջարկում:

«Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է: Օրինակ՝ աշխատակարգային խախտման համար կարելի է դատավորին կարգապահական վարույթի մեջ ներառել, ասել, օրինակ, գործից ուշացել է ու ընկնել դատավորի հետևից: Բայց որ դատավորը մինչև գիշերը 12-ը դատավճիռ է գրում, դա նորմալ է»,- այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն կատարվի իշխանության կողմից:

«Հեղափոխությունից հետո անընդհատ ասում էիք՝ բոլոր դատավորները կոռումպացված են: Մեկ էլ էս վերջին լսումներին լսում եմ՝ դե մի 10 տոկոս դատավորներն են, կմաքրեն, սաղ կդզվի: Յա, բա բոլոր դատավորներին ո՞ւր էիք կոռումպացված համարում: Դրա համար ձեր խոսքին հետևեք, որ ուրիշ բաներ եք ասում, պետք է հետո պատասխան տաք»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությամբ փոփոխվել է էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովի կազմում, ըստ առաջարկվող փոփոխության, ընդգրկվում է ութ անդամ, որոնցից երկուսը` մասնագիտացված դատարանների դատավորներից` յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, երկուսը` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ, մեկը` Վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` Վճռաբեկ դատարանի դատավորներից:

Բացի դատավորներից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ընդգրկվում են 2 հեղինակավոր իրավաբան գիտնական` հասարակական կազմակերպություններից ներկայացված, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել է գովասանքի և նշվել, որ դա լրացուցիչ թափանցիկություն է հաղորդելու հանձնաժողովին: Կառավարությունն առաջարկում է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկել 5 անդամ: Գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները:

Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ: Վերացվել է դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը, ինչպես նաև իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25:

  • Կիսվել: