Վերջին տարիներին շուրջ 150 սարկավագ լքել է եկեղեցին, ոմանց կարգալույծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել, գնացել, սա՛ է եկեղեցին քանդելը, եկեղեցու կործանումը. Տեր Տարոն
Ես եկեղեցի եմ մտել 2004 թվականից, երբ 15 տարեկան պատանի էի, երբ մարդը իր կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, և Աստված էլ նրան օծում և շնորհ է տալիս, և մարդիկ, ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, և մի օր մի տեղ մի գրասենյակում ինչ-որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի, և այն էլ ինչ-որ փակ պայմաններում, ինչ-որ քմահաճույքների արդյունքում, սա աբսուրդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հաղարծինի վանքի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե իրեն էլ կարգալույծ հռչակեն։
Նա, մասնավորապես, նշեց. «Ո՞նց կարելի է մարդու կյանքը խորտակել։ Եթե մարդը մեծ վարդապետական շեղում չունի, մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ-որ նման մեծ հարցեր չկան մարդու կյանքում, ինչպե՞ս կարելի է վերցնել և ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալույծ արվել, իմ անձնական կարծիքն է, որ այդ բոլոր մարդկանց կարգալուծությունն անվավեր է։ Այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն։
Առանց այն էլ ամեն մի հազար մարդու մի հոգևորական պիտի սպասավորի, և 3000 հոգևորականի կարիք կա, բայց այսօր Հայ եկեղեցին Հայաստանում ծառայող 300 հոգևորական չունի։ Վերջին մի քանի տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալույծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել։ Սա աբսուրդ է, սա է եկեղեցին քանդելը, եկեղեցու կործանումը»:
Հարցին՝ ինչո՞ւ է հիմա սկսել խոսել եկեղեցում առկա խնդիրներից, Տեր Տարոնը պատասխանեց. «Ես հիշում եմ, որոշ ժամանակներ առաջ ես տեսա հարձակում Տաթևի վանքի իմ շատ սիրելի հայր Միքայելի վրա, և դա պատճառ եղավ, որպեսզի ես հասկանամ, որ մոտենում է խոսելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցին մաքրելու ժամանակը։ Ես այդ ժամանակը զգացի և սկսեցի խոսել»։


