Վերջին 1.7 տարվա ընթացքում սահմանին կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ օգոստոսի 8-ից հետո սահմանին կրակոցներ չեն հնչում. Պապիկյան
Ես այստեղ եմ՝ աջակցելու իմ քաղաքական թիմին, քաղաքապետի մեր թեկնածու Արգիշտի Մեխակյանին: Այս մասին այսօր Վաղարշապատում ՔՊ-ի հավաքի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այսօր ուզում եմ խոսել խաղաղության մասին, և այն, որ խաղաղության մասին խոսում է պաշտպանության նախարարը, ոչ միայն բնական է, այլև անհրաժեշտ:
Վերջին 1.7 տարվա ընթացքում սահմանին կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ օգոստոսի 8-ից հետո սահմանին կրակոցներ չեն հնչում:
Սիրելի՛ վաղարշապատցիներ, սա այն իրականությունն է, որ ձևավորվել է օգոստոսի 8-ից հետո, և մենք պետք է ապրենք, սովորենք ապրել այդ իրողության պայմաններում»,-նշել է նա:
Պապիկյանը նաև հավելել է. «Մեր ընդդիմախոսները շատ լավ են հասկանում, որ իշխանությունը, մեր քաղաքական թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որը տանելու է դեպի մեր պետականության ամրապնդում, ժողովրդավարության ամրապնդում:
Հայացք հառելով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ես երազում եմ այն օրվա մասին, երբ մեր հոգևոր հայրերի շուրթերից, ինչպես այսօր հնչում է «զազգս, զԵկեղեցիս, զբանակս» խոսքերը, այդ հերթականության մեջ կհիշատակվի նաև «զպետականությունս հայոց»։


