կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերջապես գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Տիգրան Ավինյան

Վերջապես գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Տիգրան Ավինյան

Վերջապես գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: 
 
«Այսօր Կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։
 
ՀՀ վարչապետի, ՀՀ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։
 
ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։
 
Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,- գրել է Ավինյանը։
 
Նշենք, որ Տիգրան Ավինյանի լավատեսությունը չի կիոսում Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս տարվա մարտի 31-ին «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում Սարգսյանը ճոխություն է անվանել մետրոյի “Աջափնյակի” կայարանի շինրարությունը: Մետրոպոլիտենի Աջափնյակ վարչական շրջանում կայարանի կառուցման ծրագրի համար հաշվարկվել էր մոտ 50 մլն եվրո գումար։
 
«Կարծում եմ, որ այս պահին Աջափնյակ կայարանը մեզ համար ճոխություն է, և այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, և ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»,– ասել է Հրաչյա Սարգսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: