հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերին Լարսի թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում․ Գնել Սանոսյան

Վերին Լարսի թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում․ Գնել Սանոսյան

ԱԺ նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի անցակետում առաջացած մեծ հերթերին։ Նա նշեց, որ հարցը բավական սրված է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը։

«Պետք է ազնիվ լինենք և խոստովանենք, որ բոլոր կողմի գործընկերները բավական ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու համար։ Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում։ Շաբաթ օրը էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ մեր գործընկերները եղել են Լարսում՝ ռուսական, վրացական մեր գործընկերների հետ, բազմաթիվ քննարկումներ են ունեցել վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ հետևյալ պամանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն ԵԱՏՄ երկրների համար կլինի»,- ասաց նա։

Ըստ Սանոսյանի՝ կուտակված մեքենաների քանակը բավական մեղմվել է։ «Մենք ժամանակին խնդիր ունեինք նաև Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Իսկ այս կողմից մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է, այսինքն՝ այդքան մեծ չէ։ Կարծում եմ՝ երբ նշվում է հազարավոր մեքենաներ են հերթի մեջ, ամբողջ Վրաստանում բոլոր մեքենաների մասին է խոսքը»,- հավելեց ՏԿԵ նախարարը։

  • Կիսվել: