երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԿԵ նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված թերություններին, կատարվող աշխատանքների որակին

ՏԿԵ նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված թերություններին, կատարվող աշխատանքների որակին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարներին։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

 

Նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, թերություններին, կատարվող աշխատանքների որակին։

Նախարարը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսալցման աշխատանքների, գծանշումների, ճանապարհների եզրերի սպասարկման և այլ խնդիրների հետ։

Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել և՛ նախարարության, և՛ Ճանապարհային դեպարտամենտի կողմից և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։

Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Սպասարկող կազմակերպությունները հավաստիացրել են՝ թերությունները հրատապ կարգով կշտկվեն, իսկ առաջիկայում դրանց կրկնությունը կբացառվի։

  • Կիսվել: