երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը․  Բագրատ Սրբազան

Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը․ Բագրատ Սրբազան

Իմ ներկայությունը հրապարակում կամ փողոցում, ինձ համար անհասկանալի է ու վստահ եմ` շատերի համար ինչ-որ տեղ էլ անընդունելի։ Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Բայց սա եղել է աղաղակ, ճիչ, կոչ, այդ ճանապարհի մեջ կանգ չառնելու ու որևէ կերպով ցույց տալու, որ մեր կյանքի փոփոխությունը ոչ թե հնարավոր է կամ անհնար, այլ անhրաժեշտ է։ Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան, մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքի ու պետության զգացումով, իրավունք չունեն վերամբարձ ապրելու, նրանց տեղը փողոցն ու հրապարակն է։ Ես հարմարվող չեմ եղել ու չեմ էլ լինելու ու վստահ եմ, որ մեր շարժումը հասնելու է իր նպատակակետին»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը միայն իշխանափոխության համար չէ։

«Սա քաղաքակրթական ու արժեքների փոփոխության մասին է, կյանքի փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգևոր վերելքի մասին է, այս բառերը դուրս են գրվել մեր կյանքից հիմա։ Երբ ասում եմ, որ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ սկսում են վերլուծություններ անել, խոհափիլիսոփայական տրակտատներ հայտնել։ Այո՛, սա չակնկալիքների մասին է, ոչ թե աթոռների ու փողերի»,- նշեց Սրբազանը։

Խոսելով հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, Բագրատ Սրբազանն ասաց․ «Հունիսի 12-ին իշխանությունը և նրա ղեկավարը ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն ինչի, ու ամբողջ իրավապահ համակարգը լծված է այդ ամեն ինչն արդարացնելուն։ Հաշվի առնելով դա՝ մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժման տրամաբանությունը, որի մասին կիմանաք այս մի քանի օրերի ընթացքում»։

 

  • Կիսվել: