երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92,300,000 եվրո գումար

Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92,300,000 եվրո գումար

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ բյուջետային աջակցության վարկով հայկական կողմին տրամադրվելու է 92,300,000 եվրո գումարի (100 միլիոն ԱՄՆ դոլար գումարին համարժեք) չափով վարկավորում: Մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2028թ. հունիսի 15-ից մինչեւ 2041թ. հունիսի 15-ը՝ վարկի գումարի 3.57 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով, իսկ վերջին մարումը՝ 2041թ. դեկտեմբերի 15-ին՝ վարկի 3.61%-ի չափով:

Նշվել է, որ վարկառուի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են լինելու կլիմայի նկատմամբ դիմակայունության բարելավմանը, կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, սոցիալական հավասարության ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացման խթանմանը եւ պետական հատվածի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, փաստել է, որ կապիտալ ծախսերը գերազանցում են բյուջեի պակասուրդը: Ըստ նրա՝ վարկային միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի իրականացմանը, իսկ կապիտալ ծախսերը, նրա հավաստմամբ, տնտեսական աճ են, տնտեսական հնարավորություն:

«Կարող ենք պնդել, որ սա դյուրին սպասարկելի վարկային միջոց է, որովհետեւ նպաստելու է տնտեսական աճին, ենթակառուցվածքների ստեղծմանը, իսկ դրանք հնարավորություն են տալու ապագայում սպասարկելու վարկերը»,-ասել է հանձնաժողովի նախագահը եւ կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել:

Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:
 

  • Կիսվել: