Վարչապետի՝ «պատերին ծեփելու» արտահայտությունն ատելության խոսք չէ. Սարգիս Խանդանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը և Աննա Կոստանյանը դուրս են եկել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբից, որը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Լրագրողների հետ զրույցում Սարգիս Խանդանյանն անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ ասաց, որ ցանկալի կլիներ՝ նախատեսված բարեփոխումներին մասնակցեին խորհրդարանական երեք ուժերը, սակայն ԼՀԿ-ն, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս, ըստ նրա՝ որոշել է ճանապահի կեսից այլ ճանապարհ ընտրել և չմասնակցել քննարկումներին։
«Սա իրենց խնդիրն է, ամեն դեպքում մեր խմբակցությունը հանձնառություն է ստանձնել, նաև խոստացել է բռնությունից զերծ հանրություն կառուցել, ուստի մենք աշխատելու ենք այս ուղղությամբ մեխանիզմներ գտնել»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին, թե վարչապետի՝ «թաթիկները կտրելու» մասին հայտնի հայտարարությունն ատելության խոսք չէ՞, Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Բայց կա՞ որևէ մի մարդ, ում անունը վարչապետը տվել և ասել է, ժողովո՛ւրդ, գնացեք, էդ իքս մարդու թաթիկները կտրեք»։
Նրա խոսքով՝ այդ արտահայտությունը վերաբերում է նախկինում կատարված հանցագործություններին, որոնց նկատմամբ գործող կառավարող ուժն ունի զրո հանդուրժողականություն։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ «պատերին ծեփելու» վերաբերյալ արտահայտությանը, Սարգիս Խանդանյանը նկատեց՝ այդ արտահայտությունը չի կարող տեղավորվել ատելության խոսքի՝ աշխարհին հայտնի իրավական սահմանումների մեջ։
«Դա սուր, քաղաքական խոսք էր։ Էդմոն Մարուքյանն էլ կարող էր ասել «թաթիկները կկտրեմ», և այդ խոսքը կարելի էր այլաբանորեն հասկանալ։ Միանշանակ։ Դեպքեր են լինում, երբ զայրութն ու մարդկանց վարքը ստիպում են ավելի կոշտ բառապաշար կիրառել։ Այլ խորհրդարանների քննարկումները տեսեք, որ նույնիսկ հայհոյանքներ են տեղում», - նշեց Սարգիս Խանդանյանը։



