կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը իրական խաղաղություն հաստատելն է. Թաթոյանը նշեց 4 քայլեր

Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը իրական խաղաղություն հաստատելն է. Թաթոյանը նշեց 4 քայլեր

Վարչապետի պաշտոնին առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է։ Այս մասին Բանակի օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է «Միասնության թթևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, պատերազմից հետո հունվարի 28-ը շատերի համար այլևս տոն չէ, այն դարձել է օր, որ կարծես հիշեցնում է, որ մենք կորցրել ենք վստահությունը մեր պետության ու անվտանգության, ինքներս մեր հանդեպ։

Վարչապետի պաշտոնին իմ առաջադրվելու թիվ մեկ նպատակը մեր երկրում իրական խաղաղություն հաստատելն է։

Բոլորս գիտենք, որ խաղաղությունը կարող է երաշխավորված լինել այն դեպքում, երբ ուժեղ ես, երբ կարող ես պաշտպանել ինքդ քեզ։

Այն խաղաղությունը, որը կախված է ուրիշի կամքից կամ թելադրած պայմաններից, խաղաղություն չէ։ Եթե ուզում ենք իրական ու ապահով խաղաղություն, պետք է լինենք ուժեղ, ունենանք բանակ, որին վստահում են քաղաքացիները, որտեղ պաշտպանված է զինվորը, հարգված է սպան և որի հետ հաշվի են նստում։

Խաղաղությունն առանց ուժեղ անվտանգության ինքնախաբեություն է և դա վտանգավոր է մեր ապագայի համար։

4 քայլ դեպի իրական ու ապահով խաղաղություն։

Իմ առաջին քայլը որպես վարչապետ կլինի ստեղծել ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որը կմիավորի Հայաստանի և աշխարհի լավագույն միտքն ու փորձը։ Հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում պետք է մշակի և համապարփակ ռազմավարական ծրագիր ներկայացնի, որի իրականացումը կսկսվի անմիջապես։

Քայլ երկրորդ։

Հստակ ժամկետներ և հաշվետվողականություն։ Հանձնաժողովին կտրվի կոնկրետ մանդատ։ Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին ապահովել զսպման լիարժեք կարողություններ։ Մեր պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին ապահովել ռազմական հավասարակշռություն։

Քայլ երրորդ։

Պետության ներդրումն անվտանգության համակարգում։ Նույնիսկ մինչև հանձնաժողովի ծրագրի ներկայացումը մենք կընդունենք օրենսդրություն, որով պաշտպանության ծախսերը երբեք չեն կարող լինել Հայաստանի համախառն ներքին արդյունքի, այսինքն ՀՆԱ-ի 8%-ից ցածր։ Սա նշանակում է մեր պաշտոնավարման առաջին տարվա հաջորդող պետական բյուջեով ռազմական ծախսերն առնվազն մեկ միլիարդ դոլարով ավելի է լինելու այսօրվա ծախսերի համեմատ։ Մենք պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ դոլար պարտադիր կուղղենք հայաստանյան ընկերություններից գնումների համար, արագացնելու համար մեր ներքին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը։

Քայլ չորրորդ,

Ճշմարտություն և պատասխանատվություն։ Ուժեղ բանակը նաև ճշմարտություն է ու պատասխանատվություն։ Մենք անմիջապես կհանրայնացնենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հրապարակել, ինչից կարելի է միայն եզրահանգել, որ նա այդ կերպ փորձում է թաքցնել իր ձախողումները։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու այս հարցերի պատասխանները և մենք դա կապահովենք։

Մենք պարտավոր ենք գնահատել և թեկուզ ուշացած արժևորել մեր հերոսների սխրանքը, որ անտեսված է։ Մենք կշարունակենք, կընդլայնենք և կարագացնենք ռազմական համագործակցությունն ու վերապատրաստման ծրագրերը Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Կլինեն մարդիկ, որ կհարցնեն, ինչպե՞ս կարողենք այսպիսի քայլեր մեզ թույլ տալ։ Իմ պատասխանն է, իսկ ինչպե՞ս կարող ենք այդպիսի քայլեր չանել։ Ոչինչ նշանակություն չունի, եթե չունենք խաղաղություն և անվտանգություն, ինչն իրական աշխարհում նշանակում է մեր կարողությունը պաշտպանելու ինքներս մեզ։

Ակնհայտ է, որ այս բոլոր ողջամիտ քայլերը պետք է լինեին Նիկոլ Փաշինյանի ծրագրի հիմքում, սկսած 2020 թվականի նոյեմբերի 10-ից, բայց այդպես չեղավ, ինչը նշանակում է, որ իրական անվտանգության ու խաղաղության կարող ենք հասնել միայն այս տարվա ընտրություններում նոր վարչապետ ընտրելով։

Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ, խոնարհվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ և պարտական ենք նրանց ընտանիքներին։ Շնորհավոր հայոց բանակի օրը»։

  • Կիսվել: