ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետի միասնական թեկնածուն որոշվելու է ժողովրդի անմիջական մասնակցությամբ․ Իշխան Սաղաթելյան

Վարչապետի միասնական թեկնածուն որոշվելու է ժողովրդի անմիջական մասնակցությամբ․ Իշխան Սաղաթելյան

«Մենք մեր երկրին սպառնացող վտանգները չենք կարողացել ամբողջապես հասցնել մեր ազգաբնակչությանը, այսինքն՝ Նիկոլին մեջտեղ բերած՝  կեղծ, շինշծու խաղաղության օրակարգը, որն ըստ էության, նոր քաոսի պատերազմի ու կորուստնրի օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ , քան՝ մեր առաջարկած պայքարի օրակարգը․ երկրորդը՝ մեր պայքարն հանուն Արցախի և պետականության դիտարկվեց իբրև՝  պայքար իշխանության համար, պայքար՝ նախկինների վերադարձ, պայքար՝ ընդդիմություն-իշխանություն կոնտեքստում, ըստ էության դա մեր բացթողումն է եղել, որ չենք կարողացել լիարժեք տեղ հասցնել։

Օրակարգը, որը արժանապատիվ խաղաղության հասնելու և  պայքարի օրակարգ էր նաև միջազգային ընկալման խնդիր ունեցավ։ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը ներկայացնում էին ռևանշիստների պայքար։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողացել մեր շարժման մասնակիցներին, համակիրներին և աջակիցներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից․ Հայաստանում կա հսկայական հականիկոլ զանգված, մեր ազգաբնակչության մեծամասնությունը գիտակցում է, որ արդեն սրանք երկիրը տանում են կործանման, բայց մեզ չի հաջողվել մեր այդ քաղաքացիներին ներգրավվել պայքարի մեջ։

Այս 4 հիմնական խնդիրներն են, որ մենք պետք է կարողանանք լուծել և մեր պայքարի հաջորդ փուլում ավելի կազմակերպված մտնել պայքարի մեջ։ Եվ ամենակարևորը՝ մենք մեր աջակիցներից պետք է ստանանք կազմակերպված բանակ, փողոցային ճանապարհով այս իշխանությանը հեռացնելու համար բարձր որակի կազմակերպվածությունն անհրաժեշտ է»,-  «Երկիր մեդիա», «5–րդ ալիք»  և«Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝  նշելով շարժման բացթողումների մասին։

Վարչապետի միասնական թեկնածու ունենալու հարցին ի պտասխան Իշխան Սաղաթելյանն ընդգծեց․

«Եթե մենք գնանք խորհրդարանի միջոցով իմպիչմենթի պաշտոնանկության ճանապարհով , դա օրենքի պահանջ է, որ մենք պետք է ներկայացնենք նաև վարչապետի թեկնածու ․ այո՛ այդ խնդիրը դրված է, մեր հայրենակիցների կողմից այդ հարցը մշտապես բարձրաձայնվում է՝  ո՞վ է փոխարինելու և ի՞նչ ծրագրով ․  երբ գնանք պաշտոնանկության ճանապարհով,  այդ հարցի պատասխանը ևս պետք է ունենանք և թեկնածուն որոշվելու  է ոչ թե կուսակցության գրասենյակներում, այլ՝ ժողովրդի անմիջական մասնակցությամբ։  Այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մեկը՝ առաջնորդ, մյուսը՝  ձիու վրա նստած հերոս, որ պետք է գա երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերի, վստահեցնում եմ, որ փրիկիչներ չկան»,-ասաց իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: