հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վաղը Քաղաքացու օրը նշելով՝ Փաշինյանն ուզում է խորովածով կտրել Ցեղասպանության հետ կապված պատմության թելը և դա ծառայեցնել իր ցնորական գաղափարին. Աղազարյան

Վաղը Քաղաքացու օրը նշելով՝ Փաշինյանն ուզում է խորովածով կտրել Ցեղասպանության հետ կապված պատմության թելը և դա ծառայեցնել իր ցնորական գաղափարին. Աղազարյան

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ընդամենը մի քանի վայրկյան հատկացրեց օրվա խորհրդին. այն ամբողջովին նվիրված էր իր ցնորհական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա, մասնավորապես, նշեց.  «Իսկ չորրորդ հանրապետությունը պետք է ստեղծվի, եթե այդ գաղափարը հանկարծ, Աստված չանի, իրականանա, Ադրբեջանի հետ, հետևաբար դա կլինի հայոց պետականության վերջը։ Փաշինյանն անընդհատ ասում է՝ գտել ենք մեր հայրենիքը։ Ադրբեջանն էլ ասում է՝ տես, ինչ խելոք մարդ է ձեր վարչապետը, ասում է, որ գտել եք ձեր հայրենիքը, այսինքն՝ դուք հայրենիք չեք ունեցել, հիմա գտել եք։

Երբ ինքն ասում է՝ Օսմանյան Թուրքիայում տեղի են ունեցել էդպիսի ցավալի դեպքեր, ուզում է ասել՝ ի՞նչ կապ ունենք մենք Օսմանյան Թուրքիայի հետ, ի՞նչ կապ ունենք մենք այդ ժամանակ այն հայերի հետ, վաղը Քաղաքացու օրն է, խորոված կանենք, կուտենք, կխմենք, մոռացեք էդ ամեն ինչը։ Մոռանանք, կտրենք արմատներից, որ ստեղծենք չորրորդ հանրապետություն. իր ուղերձը դա էր ըստ էության»։

Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է որոշել, որ «Քաղաքացու օրը» նշվի ապրիլի վերջին,. «Ինքն ուզում է խորովածով կտրի Ցեղասպանության հետ կապված պատմության թելը և դա ծառայեցնի իր ցնորական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը»:

Աղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և իր վերընտրվելու հանգամանքը կարող են առաջացնել այնպիսի մարտահրավերներ, որոնց կառավարումը լինի անհնարին։ 

«Օրինակ՝ եթե ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է Հայաստանի նախիջևանացում։ Մենք փոքր ենք, 3 մլն, իսկ ադրբեջանը 10 մլն է՝ Թուրքիան չհաշված։ Ասիմիլացիա կլինի։ Այո, պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, մենք մեր տները չենք ծախի 100,000 դոլարով, բայց կծախենք 40,000 դոլարով, ուրախ կլինենք, որ մեզ չկոտորեցին, մենք բոլոր դեպքերում մի քիչ հարմար գնով վաճառեցինք մեր տները և գնացինք Լոս Անջելես, Մոսկվա։ Դա այդպես է լինելու»,–ասաց նա։

Լրագրողների հարցին՝ իրենց կուսակցությունը ո՛ր ուժին է աջակցելու առաջիկա ընտրություններում, քանի որ որոշեցին չմասնակցել ինքնուրույն, Աղազարյանը պատասխանեց. «Մենք կսպասենք մինչև բոլոր կուսակցությունները գրանցվեն։ Ակնհայտ է, թե ում չենք աջակցելու։ Ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, համագործակցություն ենք ունեցել, հիմա այս պահին նպատակահարմատ չենք գտնում այդ հարցին անդրադառնալ, ավելի ուշ կանդրադառնանք»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի հաղթելու շանսերի մասին՝ Աղազարյանն ասաց. «Եթե «Մեր ձևով» շարժումը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Եթե «Մեր ձևով» շարժումը համախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը շանս չունի»։

Անդրադառնալով իրենց կուսակցության՝ Աղազարյանը նկատեց, որ եթե իրենք մասնակցեին ընտրություններին և ստանային 3.9 տոկոս ձայն, ապա այդ ձայները փոշիանալու էին և նպաստելու էին Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։

  • Կիսվել: