Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն․ Նիկոլ Փաշինյան
«Նշաձողը իջեցնելու հորդոր էր ԵԱՀԿ 1996 թ-ի Լիսաբոնյան գագաթաժողովը, այդպիսի հորդոր էր 1999 թ-ի ընդհանուր պետության գաղափարը, 2001 թ-ի Քի Վեսթի գործընթացը, 2007թ-ի Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016 թ-ի հունվար, հուլիս, օգոստոսի 3 առաջարկները։ Նշաձողը իջեցնելու ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր, և այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել»,- Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին Աժ-ում ունեցած իր ելույթին անդրադառնալով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հարկ եմ համարում, որ հանրությունը սրա մասին իմանա և այն, որ հնարավորինս շատ խաղաքարտեր ենք բացում հանրության առաջ՝ վկայությունն է, որ հանրության մեջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է մեզ համար։ Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր նպատակը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ, այնպիսի լուծում , որ արցախցին ապրի Արցախում, և ապրի այնպես, որ իրեն զգա և համարի ղարաբաղցի, արցախցի և հայ»,-ընդգծեց վարչապետը։
«ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում և ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովվելու, այլ նաև չի երաշխավորելու ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք։Սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառ է։ Եվ այն ուժերը, որոնք ուզում են , որ ՀՀ կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը հայաթափվելու է, նրանք հանձնել են, հանձնում են ոչ միայն Արցախը, այլ ՀՀ-ն»,- նշեց Փաշինյանը․ «Մենք դա թույլ չենք տա անել, ՀՀ ժողովուրդը թույլ չի տա դա անել։ Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն։ Որովհետև համոզված ենք, որ խաղաղության օրակարգն է ապահովելու ՀՀ և Արցախի ապագան»։