ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել

Թուրքիայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել

Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են:  Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: 

Թուրքիան  հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝  հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: 

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է. 

«Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի  միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»:

Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել: 

Թեմային արձագանքել է նաև Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին իր Twitter-ի էջում:

Նա երկրում հայտարարել է սուգ և տեղեկացրել, որ պաշտոնական Բաղդադը հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին, գրում է Ermenihaber.am-ը։

Միևնույն ժամանակ տեղեկություններ կան , որ  Բաղդադում այդ թվում թուրքական դեսպանատան դիմաց տեղի են ունենում Թուրքիայի դեմ բողոքի ակցիաներ: 

 

  • Կիսվել: